12:26 | 08.07.22 | Նորություններ | 2128

Սյունիքի մարզում կբացվի երկու COAF սմարթ կենտրոն

Սյունիքի մարզում կբացվի երկու COAF սմարթ կենտրոն եւ COAF-ի կրթական մոդելը կկիրառվի Սյունիքի մարզում։

Այս հարցը քննարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը եւ Արթուր Մարտիրոսյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի եւ «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ երկու COAF սմարթ կենտրոն՝ Կապան եւ Գորիս համայնքներում: COAF-ի աջակցությունը կլինի հետեւյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու եւ հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող  ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի եւ ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ողջ հանրապետությունում: