16:00 | 23.06.22 | Նորություններ | 2423

Արսեն Բաղդասարյան. Մարդկային հարաբերությունները առանցքային են M&A գործընթացներում

Հունիսի 22-ին կայացած Orion Summit 2022-ում DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը խոսել է միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործընթացների մասին:

Մասնակցելով «Հայկական M&A-ի վերջին պատմությունները եւ գործարքների համար ենթակառուցվածքի ստեղծում» թեմայով պանելային քննարկմանը, նա ընդգծել է, որ «միաձուլումը նախեւառաջ ինտեգրացիայի մասին է»։

«Ինտեգրացիայի գործընթացում շատ կարեւոր է ընկերությունների մշակույթը։ Եթե երկու ընկերությունների մշակույթը խիստ տարբեր է, ապա ինտեգրացիան դյուրին չի լինելու, քանի որ խոսում ենք նախեւառաջ մարդկանց մասին», - նկատել է Արսեն Բաղդասարյանը:

photo © Orion Summit


Խոսելով 2021 թվականին տեղի ունեցած DataArt-ի եւ  SFL-ի միավորման մասին, Արսեն Բաղդասարյանն ասել է.

«Այս պարագայում եւս խոսքը մարդկային հարաբերությունների, թիմային ոգու ու մշակույթի մասին էր։ Դա DataArt-ի պատմության մեջ առաջին խոշոր M&A գործընթացն էր, որի արդյունքում այսօր ունենք շատ պրոֆեսիոնալ թիմ, որն ունի մեծ պատասխանատվություն եւ պատրաստ է գնալ նոր ճանապարհով»։

2021 թվականի սեպտեմբերին DataArt ընկերության նախագահ Եվգենի Գոլանդը iTel.am-ին ասել էր.

«Այս միավորումը մեզ համար 2+2=5 շարքից է: Հայաստանը IT talent-ի տեսանկյունից շատ հետաքրքիր շուկա է, իսկ SFL-ը շուկայի առաջատարներից է: Այս ընկերությունն ունի հրաշալի հաճախորդներ, հրաշալի թիմ, ճիշտ սկզբունքներ ու DataArt-ի հետ համատեղելի մշակույթ»: