15:59 | 16.06.22 | Նորություններ | 1919

Բիլ Գեյթս․ NFT-ները հիմնված են ավելի մեծ հիմարի տեսության վրա

Տեխնոլոգիական միլիարդատեր Բիլ Գեյթսը NFT-ների մասին խոսելիս դրանք բնութագրել է որպես «ավելի մեծ հիմարի տեսության վրա հիմնված» տեսություն։  

Ըստ նրա՝ այն ֆինանսական հայեցակարգ է, որով մարդիկ թանկարժեք ակտիվներով կարող են գումար վաստակել, քանի դեռ ավելի մեծ հիմարի են գտնում դրանք վաճառելու համար։ Այս մասին նա ասել է TechCrunch-ի կազմակերպված կլիմայի փոփոխությանը նվիրված միջոցառմանը իր ելույթի ժամանակ։



Գեյթսն ասել է, որ նախընտրում է ներդրումներ կատարել շոշափելի արդյունք ունեցող ակտիվներում, ինչպիսիք են ֆերմաները կամ գործարանները, պրոդուկտ արտադրող ընկերությունները։

Նա նշել է, որ չի զբաղվում NFT նախագծերով եւ կասկած է հայտնել այդ թվային ակտիվների հանդեպ, որոնք նախատեսված են հարկերից կամ օրենքներից խուսափելու համար:

«Ակնհայտ է, որ կապիկների թանկարժեք թվային պատկերները մեծապես կբարելավեն աշխարհը»,-հեգնել է Գեյթսը՝ ակնարկելով առաջատար NFT «Bored Ape Yacht Club» նախագիծը:

Գեյթսն առաջին անգամ չէ, որ թերահավատություն է հայտնում կրիպտոարժույթների վերաբերյալ։ 2021 թվականի փետրվարին տված հարցազրույցում նա անհանգստություն էր հայտնել սովորական ներդրողների կողմից Bitcoin գնելու վտանգների մասին, հատկապես, երբ կրիպտոարժույթի շուկան անկայուն էր ու կարող էր տատանվել Իլոն Մասկի մեկ թվիթից։