00:09 | 24.05.22 | Հոդվածներ | exclusive 6501

Թումոյի ծրագրավորողների թիմը եւ աշխատանքային առօրյան՝ ներսից

Թումո ասելիս շատերը միայն կրթական բովանդակություն են պատկերացնում, բայց դրա կուլիսներում աշխատում է ծրագրային ապահովման ինժեներների (software engineer) մի ամբողջ թիմ, որի միջոցով այդ բովանդակությունը մատուցվում է ուսանողներին:

Ի տարբերություն շատ այլ ծրագրավորողների, որոնք չեն տեսնում իրենց մշակած պրոդուկտն օգտագործողներին, Թումո կենտրոնի software engineer-ների թիմն ամեն օր հնարավորություն ունի տեսնելու իր գրած ծրագիրը սպառող հարյուրավոր ուսանողների:

«Մենք հնարավորություն ունենք ամեն պահի մոտենալու, զրուցելու ուսանողների հետ, հասկանալու՝ ինչից են դժվարանում, մտածելու՝ ինչը փոխենք»,- Երեւանի Թումո կենտրոնի software engineer-ների աշխատասենյակ մեզ ուղեկցելիս ասում է ծրագրային ապահովման ինժեներ Գարեգին Դավթյանը:

Itel.am-ի հետ զրույցում Գարեգինը պատմել է Թումոյի ծրագրավորողների աշխատանքային առօրյայի այս եւ այլ առանձնահատկությունների, նրանց ստեղծած պրոդուկտների եւ իրականացրած միջազգային նախագծերի մասին:

TUMO Engineering թիմը

Թումոն կրթական կենտրոն է. հաճախ թյուր տպավորություն է ստեղծվում, թե այստեղ միայն դասավանդողներ են աշխատում: Այնինչ, կրթական բովանդակությունը հնարավորինս արդյունավետ ուսանողներին հասցնելու համար, աշխատում է ծրագրավորողների մի ամբողջ թիմ:

Գարեգին Դավթյանը Գարեգին Դավթյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանի եւ միջազգային կենտրոնների համար Թումոյի կրթական ծրագիրը կոդավորող թիմը բաղկացած է ծրագրային ապահովման ինժեներներից, դիզայներներից, օգտատերերին աջակցություն ցուցաբերողներից, որակի ապահովման (QA) մասնագետներից, որոնց միջոցով ստուգում, թեստավորում ենք մեր գրած ծրագրերը:

Բոլորս որպես մի թիմ մշակում ենք այն հիմնական համակարգը, որի միջոցով  ուսանողները կարողանում են հնարավորինս հարմար ստանալ կրթական բովանդակությունը:

Աշխատանքը

Թումոյի ծրագրավորողների աշխատանքի հետաքրքրությունն ու մոտիվացիան այն գիտակցումն է, որ մեր ծրագրավորած համակարգը նպաստում է, որպեսզի ուսանողներն ավելի արդյունավետ կրթություն ստանան: Մեր աշխատանքային մյուս մոտիվացիան էլ այն է, որ կարող ենք շփվել հարյուրավոր ուսանողների հետ, որոնք օգտվում են մեր մշակած ծրագրից:

Մեր թիմը կոնկրետ ծրագրեր գրելու առաջադրանքներ ստանալուց բացի՝ հենց սկզբից մասնակցում է դրանց մշակմանը, քննարկմանը, հնարավորություն է ունենում առաջարկել լուծումներ, որոնք ավելի կբարելավեն կրթական պրոցեսը:

Կրթական ծրագիրը եւ Շավիղը

Կրթությունը Թումոյում երկու ուղղությամբ է ընթանում, ինքնակրթություն, որի ընթացքում ուսանողները վարժանքների միջոցով ինքնուրույն ծանոթանում են տեխնոլոգիաների եւ դիզայնի կրթական 14 ոլորտներին, եւ դասընթացներ, որոնց ժամանակ դասընթացավարների օգնությամբ ուսանողներն արդեն կոնկրետ ոլորտում ավելի խորը գիտելիքներ են ձեռք բերում:

Ինքնակրթությունը կազմակերպվում է վարժանքների միջոցով: Այսինքն՝ ուսանողները կատարում են վարժանքներ, ծանոթանում են կրթական որեւէ բովանդակության հետ, վերջում հարցերի պատասխանում կամ առաջադրանք կատարում, եւ դրանց միջոցով համակարգը փորձում է հասկանալ, արդյոք հասկացե՞լ է ուսանողը նյութը, թե՞ ոչ: Ինքնակրթության այս պրոցեսը նաեւ անվանում ենք կողմնորոշման փուլ, որի ընթացքում ուսանողները փորձում են հասկանալ, թե առաջարկվող ոլորտներից որոնք են իրենց հետաքրքիր:

photo © Մեդիամաքս


Կողմնորոշման փուլը 2-3 ամիս անցնելուց հետո ուսանողներն անցնում են հաջորդ փուլ, որը կոչվում է Շավիղ: Այս փուլում ուսանողներն արդեն որոշակի պատկերացում են ունենում տարբեր ոլորտներից եւ նրանց առաջարկում են ընտրել 14-ից 6-ը՝ ավելի խորը գիտելիքներ ստանալու համար:

Այնուհետեւ, Շավիղը, հաշվի առնելով այդ ընտրությունը, հասանելի դասընթացները, առաջարկում է ուսանողին կրթական ուղի շուրջ մեկ տարվա համար: Շավիղը ներկայացնում է նաեւ այն նախապայմանները, որոնք պետք է կատարել դասընթացին մասնակցելու համար:

Կախված ուսանողի առաջընթացից, նախընտրություններից՝ Շավիղն ադապտացվում է: Այսինքն` հենց այն պահին, երբ Շավիղ համակարգը տեսնում է, որ ուսանողի տվյալ պահի առաջընթացին համապատասխան ավելի լավ ուղի կա, նրան առաջարկում է փոխել իր ուղին՝ որի շնորհիվ ուսանողը կկարողանա իր նախընտրություններն ավելի կարճ ժամանակահատվածում հաղթահարել կամ ավելի շատ բան սովորել:

Շավիղը մենք համարում ենք մեր հիմնական պրոդուկտը, որի միջոցով Թումոյի կրթական բովանդակությունը հասնում է ուսանողին:

Պրոդուկտները եւ նոր պահանջները

TUMO Engineering թիմը ժամանակ առ ժամանակ այլ պրոդուկտներ մշակելու վրա է աշխատում, որոնց ստեղծման անհրաժեշտությունը բխում է տվյալ իրավիճակից:

Թումոյի կրթական համակարգն անընդհատ մշակվող գործընթաց է: Ամեն մի նոր բացվող կենտրոնի հետ գալիս են նոր պահանջներ: Անհրաժեշտություն է առաջանում կրթական համակարգն ադապտացնել տվյալ կենտրոնին առանձնահատուկ պահանջներին, հետեւաբար, կարիք է լինում փոփոխություններ անել մեր համակարգում:

photo © Մեդիամաքս


Բացի այդ՝ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար պարբերաբար թարմացնում ենք մեր համակարգը, ինչպես օրինակ, համավարակի ընթացքում անհրաժեշտություն առաջացավ մշակել նոր հարթակ, որի օգնությամբ ծնողներն ինքնուրույն, առցանց կարող են գրանցել իրենց երեխային: Նախկինում գրանցման համար պարտադիր պետք էր այցելել կենտրոն:

Ժամանակ առ ժամանակ նմանատիպ նոր պահանջներ են առաջ գալիս, նոր պրոդուկտներ ստեղծելու անհրաժեշտություն է լինում, այնպես չէ, որ ունենք մեկ պրոդուկտ եւ աշխատում ենք միայն այն զարգացնելու ուղղությամբ:

Մեր պրոդուկտներից է նաեւ TUMO պորտֆոլիոն: Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո ուսանողներն ունենում են վերջնական արդյունք, որը նրանք կիսում են պորտֆոլիոյի միջոցով: Վերբեռնում են պորտֆոլիո եւ հանրայնորեն կիսում ցանկացած մարդու հետ: Օրինակ, երբ որեւէ ուսանողը փորձի հետագայում աշխատանք գտնել, կարող է ներկայացնել, թե ինչ աշխատանքներ է արել Թումոյում: Պորտֆոլիոյի վրա եւս մեր ինժեներների թիմն է աշխատում, որը պարբերական մշակման կարիք է ունենում:

Մյուս պրոդուկտը TUMO 360-ն է: Այն ադմինիստրատիվ համակարգ է, որն օգտագործում են աշխատողները: Դասընթացավարներն այն օգտագործում են ուսանողներին առաջադրանքներ տալու կամ տրված առաջադրանքները ստուգելու համար: Որոշ աշխատողներ TUMO 360-ն օգտագործում են մեկ տարվա համար դասընթացներ պլանավորելու համար: Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետն (HR) օգտագործում է այդ պլատֆորմը` աշխատողներին գրանցելու կամ ուսանողների հաշիվները բացելու համար:

Ծրագրավորողների թիմի մշակած պրոդուկտներից է նաեւ կրթական բովանդակության կառավարման համակարգը՝ CMS-ը, որի միջոցով վարժանքների կրթական բովանդակությունն է ստեղծվում:

Թիմը մեծացնելու անհրաժեշտությունը

Մեր ծրագրային ապահովման թիմն այսօր շուրջ 15 հոգուց է բաղկացած, բայց պլանավորում ենք կրկնապատկել աշխատակիցների թիվը:

Թումոն մտադիր է աշխարհի տարբեր քաղաքներում բացվող կենտրոնների թիվն ավելացնել եւ կրթական համակարգը պարբերաբար փոփոխվելու, թարմացնելու, ավելի լավը դառնալու անհրաժեշտություն կունենա:

photo © Մեդիամաքս


Փարիզի, Լիոնի, Բեռլինի, Մոսկվայի, Կիեւի կենտրոնների շարքում շուտով կավելանա նաեւ Լոս Անջելեսի կենտրոնը, որը եւս իր հետ կբերի նոր պահանջներ, որոնք ապահովելու համար թիմը նոր մասնագետներով համալրելու անհրաժեշտություն կառաջանա:

Ներկայում փնտրում ենք back end եւ front end software engineer-ների, դիզայներների, QA մասնագետների: Ծրագրային ապահովման, սպասարկման բոլոր մասնագետները կարող են համալրել մեր software engineering-ի թիմը:

Թումոյի ծրագրավորողների թիմին միանալ ցանկացողների համար հարցազրույց կազմակերպելու մեր տարբերակն ունենք: Փորձում ենք մեզ դիմած թեկնածուին առնվազն չորս ժամ ներգրավել մեր թիմի աշխատանքի մեջ, որպեսզի տեսնի՝ ինչպես է անցնում օրը Թումոյում, շփվի մյուս աշխատողների հետ, որի արդյունքում ինքն էլ կհասկանա՝ ուզո՞ւմ է աշխատել այստեղ, թե՞ ոչ: Փորձում ենք ոչ միայն բացահայտել աշխատողի մասնագիտական որակները, այլեւ փոխանցել նրան եւ մեր սպասելիքները, եւ մեր աշխատաոճը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի