17:58 | 18.05.22 | Հոդվածներ | exclusive 23116

KerPak. ավտոնոմ վաճառքի հայկական տեխնոլոգիան

Գրասենյակներում մոտենում է ճաշի ժամն ու աշխատակիցների քննարկման գլխավոր հարցն է՝ ինչ կամ որտեղից ուտել: Եթե խանութ գնաք՝ երկար հերթ եք կանգնելու, եթե սրճարան՝ ստիպված եք լինելու սովորականից երկար սպասել պատվերը. ընդմիջումը «պիկ» ժամ է:

Իսկ հիմա պատկերացրեք՝ ձեր գրասենյակում տեղադրված է թարմ ու համեղ ուտեստներով սառնարան ու «լանչի հարցը» լուծելու համար բավարար է միայն մեկ հավելված ներբեռնել ու վճարել բանկային քարտով: KerPak Technology-ում պատկերացրել են՝ ստեղծելով սնունդն ու տեխնոլոգիաները միավորող ավտոնոմ վաճառքի համակարգ:

KerPak-ն առանց մարդկային ռեսուրսի ներգրավման աշխատող վաճառակետ է՝ կրպակ: Հետագայում այս տեխնոլոգիայով վաճառքի ծավալները նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով նաեւ ոչ պարենային ապրանքներ:

Տեխնոլոգիայի ստեղծման, զարգացման ու ամբողջությամբ «Made in Armenia» բրենդով արտասահմանյան շուկա դուրս գալու մասին զրուցել ենք KerPak Technology-ի հիմնադիր Վահան Վարդանյանի հետ:

Ինչ է KerPak-ը

KerPak-ն ավտոնոմ վաճառքի կետ է՝ սառնարան, որը կարող է տեղադրվել ցանկացած գրասենյակում: Անվանումն «ուտել» ու «կրպակ» արմատների բառախաղով ենք ստացել, բայց հետագայում, միանշանակ, նախատեսում ենք KerPak-ներում սննդից բացի նաեւ այլ պարագաներ վաճառել: Ավտոնոմ վաճառքի նման կետերը երկուստեք օգտակար են. սննդի վաճառքով զբաղվող մեր գործընկերները դրա միջոցով կարողանում են սպառման նոր կետեր ունենալ իրենց համար նախկինում անհասանելի վայրերում, իսկ կազմակերպություններն իրենց աշխատակիցներին առաջարկում են նոր ծառայություն, որը շատ հարմար է ու արդեն սիրված:

photo © Մեդիամաքս


KerPak-ից ուտեստ գնելու համար պետք է ներբեռնել մեր հավելվածը, գրանցվել՝ կցելով բանկային քարտ: Հավելվածը ցույց կտա՝ որտեղ են մոտակա վաճառակետերը: Այնուհետեւ, KerPak-ի սառնարանը բացելու համար պետք է սկանավորել դրա վրա եղած QR կոդը, ընտրել նախընտրած ուտեստն ու գնել այն՝ սկանավորելով վրան եղած barcode-ը: Մեզ երբեմն հարցնում են՝ «ի՞նչ կլինի, եթե վերցնեմ ուտեստը, չվճարեմ ու հեռանամ»: Մեր բոլոր կրպակներն ունեն AI կիրառմամբ տեսախցիկներ:

photo © Մեդիամաքս


Առաջին հերթին դրանք տեղադրել ենք, որ տեսնենք՝ ի՞նչ խնդիրներ է ունենում հաճախորդը KerPak-ից օգտվելու ընթացքում, բայց այս տեսագրություններն, իհարկե, նաեւ անվտանգության նպատակով կարող են օգտագործվել: Հավելվածի միջոցով հաճախորդը կարող է տեսնել այս կամ այն սառնարանում եղած ուտեստների մենյուն, որն իրական ժամանակում թարմացվում է: Այսինքն, երեւում է՝ ինչ ուտեստներ կան հենց այդ պահին:  

Գնելու փոխարեն որոշեցինք մեր տեխնոլոգիան ստեղծել

4 տարի առաջ հիմնված Gouroo Club & Garden ռեստորանը սիրվեց այցելուների կողմից, բայց ամռանն ու ձմռանը այցելուների հոսքը շատ տարբեր էր: Մտածում էինք՝ ինչպես կարգավորել այս հարցն ու կայուն վաճառք ունենալ՝ անկախ տարվա եղանակից:

Մյուս կողմից, ես հաճախ էի ճամփորդում ու աշխատում արտասահմանցի գործընկերների հետ: Նրանց գրասենյակներում ու co-working-ներում սկսեցի նկատել նման սառնարաններ: Ինքս այսպիսի վաճառակետից առաջին անգամ Մոսկվայում օգտվեցի: Այն սպասարկում էր իմ կողմից շատ սիրելի ռեստորանը: Րոպեների ընթացքում սկանավորեցի QR կոդը, վճարեցի քարտով եւ առանց ինչ-որ տեղ գնալու ու ժամանակ կորցնելու, կերա սիրելի ռեստորանի ուտեստը:

Վահան Վարդանյանը Վահան Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Առաջին միտքս էր՝ գնել այս լուծումն ու տեղայնացնել Հայաստանում, բայց ուսումնասիրելով արտասահմանյան շուկաներն ու դրանցում եղած նման լուծումները, հասկացա՝ բավականին թանկ են ու ոչ այնքան ճկուն: Հաշվի առնելով ՏՏ ոլորտում ունեցածս փորձը՝ որոշեցի ոչ թե գնել, այլ ստեղծել սեփական՝ հայկական տեխնոլոգիա:

Ի սկզբանե, KerPak-ի տեխնոլոգիան ստեղծել ենք գլոբալ շուկա դուրս գալու նպատակով՝ Հայաստանը դիտարկելով որպես պիլոտային շուկա:

Մեր համակարգն այնպես է ստեղծված, որ այսօր էլ կարող է աշխատել Հայաստանից դուրս, վճարումներ ընդունել տարբեր արժույթներով ու աշխատել մոտ 40 երկրի ֆինանսական համակարգերի հետ:  

Գործընկերների համար KerPak-ը եկամտի նոր աղբյուր է

Առաջին KerPak-ը գործարկվել է մոտ մեկ տարի առաջ: Այս պահին ունենք գործող 15 կետ, 3500-ից ավելի օգտատեր եւ 4 գործընկեր: KerPak-ների մեծ մասը տեղադրված է ՏՏ ընկերությունների գրասենյակներում, քանի որ խոսելով ընկերությունների ղեկավարների հետ, հասկացանք՝ կարիքը կա: ՏՏ ոլորտում մարդիկ հաճախ են արտաժամյա կամ ժամային տարբեր գոտիներում աշխատում, եւ գրասենյակում թարմ ուտեստներով սառնարան ունենալը շատ հարմար է: Այսքանով չենք սահմանափակվելու ու ընդլայնվելու ենք: Վերջերս KerPak ենք տեղադրել բանկերից մեկում, որը բավականին հաջող է աշխատում:

photo © KerPak


Մեր սառնարաններում կարող եք գտել EasyEat-ի ուտեստները, սա Gouroo ռեստորանի նախագիծն է, ունենք Aries Լunch-ի, Foody-ի կողմից բրենդավորած կերպակներ, եւ վերջերս մեզ միացել է «Գարուն» սրճարանը: Գործընկերների ցանցն ընդլայնվելու է: Արդեն կան այլ ռեստորաններ, որոնց հետ համագործակցությունը նախապատրաստական տարբեր փուլերում է:

photo © KerPak


Ռեստորանների տեսանկյունից այս համագործակցությունը մի շարք առավելություններ ունի: Նախ, այն թույլ է տալի արդյունավետ օգտագործել խոհանոցի հնարավորություններ, այսինքն՝ ուտեստները պատրաստել, երբ ռեստորաններում հոսքն այնքան էլ մեծ չէ, իսկ վաճառել ամենապիկ, օրինակ, լանչի ժամերին: Երկրորդ՝ ռեստորանները կարող են վաճառք ունենալ քաղաքի այն հատվածքներում, որտեղ զուտ ֆիզիկապես ներկայացված չեն, այսպիսով՝ ընդլայնելով ցանցն ու ստանալով եկամտի նոր աղբյուր: Մեր գործընկերներին սա շատ է գոհացնում:

Ներկայացված ուտեստներն ու որակի վերահսկողությունը

KerPak-ը տեխնոլոգիական լուծում է եւ պատասխանատու է վաճառքի ավտոնոմ կետերի աշխատանքի համար, իսկ ուտեստների, դրանք թարմացնելու հետ կապված լոգիստիկ հարցերով զբաղվում է ռեստորանը, որը ներկայացված է տվյալ KerPak-ում: Սառնարաններում կարող եք գտնել ինչպես գործընկեր ռեստորանների սիրված ուտեստներն, այնպես էլ՝ հատուկ այս ձեւաչափի համար մշակված ուտելիքներ: Մենյուն կազմելուն ու փոփոխելուն շատ են օգնում համակարգի վերլուծական, տվյալների հետ աշխատելու հնարավորությունները: Գործընկերները կարող են տեսնել՝ գնորդներին առավել շատ ինչն է հետաքրքրում, ինչ են շատ գնում ու մենյուն կազմել ըստ այս տվյալների:

photo © Մեդիամաքս


Ինչ վերաբերում է ուտեստների թարմությանը, սառնարանում դրված ամեն ինչ պիտանելիության ժամկետ ունի ու եթե տվյալ ուտելիքը ժամկետանց է, KerPak-ը պարզապես թույլ չի տա գնել այն: Մեր բոլոր սառնարաններն ունեն ջերմային մոնիտորինգի հնարավորություն: Եթե սառնարանում ջերմաստիճանը թույլատրելիից բարձր է, այն զգուշացման ազդանշան կուղարկի: Մի քանի զգուշացումից հետո սառնարանը կանջատվի՝ թույլ չտալով գնումներ կատարել:

photo © Մեդիամաքս


Անվտանգության տեխնիկական ապահովումը մենք լիովին իրականացնում ենք, իսկ բուն ուտեստների համար պատասխանատու են մեր գործընկերները: Բայց եթե տեսնենք, որ որեւէ գործընկեր պարբերաբար որակի խնդիր է ունենում, նրա հետ այլեւս չենք աշխատի:

KerPak-ն ամբողջությամբ «Made in Armenia» տեխնոլոգիա է

Տեխնիկական առումով թիմը երկու մասից է կազմված: Ծրագրային ապահովման հարցում մեր գործընկերը Instigate Mobile-ն է: Ինչ վերաբերում է սարքավորւմներին` դրանք եւս Հայաստանում են հավաքվում՝ LimeTech ընկերության կողմից: Շատ հպարտ ենք, որ գաղափարից մինչեւ արտադրանքի վերջնական ձեւավորում կատարվում է Հայաստանում:

Վահան Վարդանյանը Վահան Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Ամբողջությամբ «Made in Armenia» տեխնոլոգիա է: Սա շատ կարեւոր է նաեւ թիմի համար, որովհետեւ տեխնոլոգիական ընկերությունները հաճախ Հայաստանից աշխատում են արտասահմանյան նախագծերի վրա, իսկ այս դեպքում ստեղծում են հայկական տեխնոլոգիա, որը շատ շուտով դուրս կգա նաեւ միջազգային շուկա:

Առաջին արտահանումներն ենք արել Շվեյցարիա եւ Կանադա

Երբ հասկացանք, որ այս արտադրանքը պատրաստ է արտահանման, սկսեցինք կազմակերպություններ փնտրել, որոնց միջոցով հնարավոր է դուրս գալ միջազգային շուկա: Առայժմ չեմ կարող անուններ տալ, բայց արդեն արտահանումներ ենք կատարել Շվեյցարիա եւ Կանադա: Շուտով կգնանք նաեւ Միացյալ Նահանգներ: Բոլոր երկրներում այս տեխնոլոգիան ներկայացվելու է որպես «Made in Armenia» բրենդ: Հետագայում նախատեսում ենք ընդլայնել այս ավտոնոմ կրպակների ձեւաչափը:

Վահան Վարդանյանը Վահան Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Սառնարաններից բացի կլինի նաեւ սառցարանային տարբերակ, օրինակ՝ պաղպաղակի համար: Կլինեն նաեւ ոչ պարենային մթերքների, օրինակ՝ կոսմետիկայի շարժական վաճառակետեր: Մեր նպատակակետն է ժամանակի ընթացքում սահմանափակ տարածքից՝ սառնարան, պահարան, սառցարան, անցնել ավելի մեծ մասշտաբի, այսինքն՝ կառուցել ավտոնոմ, առանց մարդկային ռեսուրսի աշխատող փոքրիկ խանութներ, ինչպիսին օրինակ, շատերին ծանոթ Amazon Go-ն է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի