18:02 | 16.05.22 | Հոդվածներ | exclusive 21571

ITTD-ն ամրապնդում է բիզնեսի եւ կրթության կապը՝ վերապատրաստելով tech մասնագետներին

Ամրապնդել գործատու-ուսանող կապը, բարելավել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հմտություններն ու դրանք կիրառելի դարձնել իրական խնդիրների լուծման ժամանակ: Այս նպատակով ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրով՝ TUMO Labs կրթական կենտրոնի ու Krisp ընկերության հետ համատեղ, իրականացվել է վեցամսյա ինտենսիվ վերապատրաստում տեխնոլոգիական ոլորտում ասպիրանտական կրթություն ստացող ուսանողների համար: Հիմնական ուղղությունները երեքն էին՝ Machine Learining, AI (artificial intelligence) ու Natural Language Processing:

Օրերս Երեւանում՝ TUMO Labs նորաբաց կենտրոնում, ամփոփվել են նախագծի արդյունքները:

EU4Bussines ITTD նախաձեռնությունը համաֆինանսավորում է Եվրոպական Միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

«Հայաստանում պետք է ապահովել ուսանող-բիզնես կապը: Այս նախագծի հիմնական նպատակն այդ կապի ամրապնդումն էր: Հայաստանը տեխնիկական ոլորտի տաղանդների կենտրոն կարող է լինել, այստեղ մեծ ներուժ կա: Այդ իսկ պատճառով տարբեր նախագծերով ցանկանում ենք աջակցել ոլորտին», - ասում է EU4Bussines ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն
photo © Մեդիամաքս


Ծրագիրն անցկացվել է 2021թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին: Դրան մասնակցել է ասպիրանտուրայում սովորող 10 ուսանող՝ Հայաստանի տարբեր բուհերից: TUMO Labs կրթական կենտրոնը կատարել է ուսանողների ընտրությունը, Krisp ընկերությունն՝ առաջադրել լուծման ենթակա խնդիրները:

Համագործակցության նպատակն էր տեխնոլոգիան ոլորտի ուսանողներին վստահել այնպիսի առաջատար նախագծեր, որոնք կարող էին հետաքրքրել Krisp-ին:

Առաջադրանքները լավագույնս կատարածները հնարավորություն կստանային միանալ Krisp-ի թիմին կամ կիրառելի հմտություններով ու գիտելիքով կկարողանային աշխատել ցանկացած այլ առաջատար ընկերությունում:

photo © Մեդիամաքս


«Մեզ համար շատ կարեւոր էր կրթական կառույցի ու տեխնոլոգիական ընկերության միջեւ համագործակցություն ստեղծել՝ ապահովելով համալսարան-գործատու կապը: Նմանատիպ գործողությունները հիմնականում պետք է առաջնորդվեն մասնավոր հատվածի պահանջարկով: Ցավոք, Հայաստանում համալսարանական կրթությունը շատ դեպքերում գործնականում կիրառելի չէ: Համալսարաններից դուրս են գալիս բազմաթիվ շրջանավարտներ, որոնք հետագայում չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ սովորածն աշխատավայրում կիրառելու, իրական խնդիրներ լուծելու հմտություններ չունեն: Այս դեպքում ընդգրկված ուսանողները մենտորի օգնությամբ լուծում էին ռեալ՝ Krisp տեխնոլոգիական ընկերության առաջադրած խնդիրները», - ասում է EU4Bussines ITTD ծրագրի խորհրդատու Դավիթ Քարտաշյանը:

photo © Մեդիամաքս


Վեց ամիսների ընթացքում ուսանողներն աշխատել են երկու նախագծերի վրա՝ ծրագրի նախատիպ, որը կարդում ու վերլուծում է տեքստը՝ որոշելով դրա տրամադրությունը, եւ ծրագիր, որը կարդալով տեքստը՝ ներկայացնում է դրա ամփոփ միտքը:

Դավիթի խոսքով՝ ի սկզբանե ծրագրի ընտրական փուլը հաղթահարել է տասը ուսանող, հաջողությամբ ավարտել յոթը: Ուսանողներն ամիսների ընթացքում ինտենսիվ սովորել են, աշխատել ու վերապատրաստումն ավարտել են միայն նրանք, որոնք իսկապես հաջողություններ են գրանցել.

photo © Մեդիամաքս


«Նախագծի մենտորը Machine Learining-ի լավագույն մասնագետներից մեկն էր՝ Արտաշես Արթենյանը, որը բոլոր դժվարությունների դեպքում ուղղորդում, խորհուրդներ էր տալիս ուսանողներին: Արդյունքում ուսանողները նոր հմտություններ են ձեռք բերել մեքենայական ուսուցումից, արհեստական ինտելեկտից, բնական լեզվի մշակումից եւ հնարավորություն են ստացել աշխատել բնական լեզվի մշակման իրական եւ բարդ առաջադրանքների վրա», - ասում է Դավիթ Քարտաշյանը:

EU4Bussines ITTD նախաձեռնության կողմից՝ TUMO Labs-ի ու Krisp-ի հետ համատեղ իրականացված այս նախագծի մասնակիցներից մեկն արդեն աշխատում է առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկում:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի