09:04 | 16.04.22 | Նորություններ | 1505
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ սահմանապահ Բերդավան համայնքում էներգախնայող համակարգի հերթական հատվածն է գործարկվել:
2016 թվականից Բերդավանի փողոցներում էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվում, յուրաքանչյուր տարի, գյուղում ավելանում է լուսավորված փողոցների թիվը:
Մինչև 2019 թվականը Վիվա-ՄՏՍ-ը ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղադրել էին 325 LED-լուսարձակ՝ էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորելով 10,5 կմ ճանապարհահատված: 2020-2021 թվականներին որոշակի ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը: էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 115-ով, ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի՝ 4,5 կմ երկարությամբ հատված:
Համակարգի հերթական հատվածի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչներ:
«Դարձյալ Բերդավանում ենք՝ իրականացված հերթական աշխատանքը գնահատելու համար: Մեզ համար այդ գործընթացն ավարտվում է լուսավորված նոր փողոցներ տեսնելով և շրջայցով, իսկ գյուղի համար այդ արդյունքը երկարաժամկետ է: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը. Էներգախնայողությունը, անվտանգ քայլելու հնարավորությունը և այլն: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերի համար սա կարևոր ծրագիր է: Ու նաև դա է պատճառը, որ մենք հետևողական, ամենամյա ջանքերով փորձում ենք նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: