09:38 | 13.04.22 | Նորություններ | 1842

ԵՊՀ-ում մեկնարկել է ICPC-ի ծրագրավորման հեղինակավոր մրցույթը

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մեկնարկել է աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը։

Հայաստանը հանդես է գալիս Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ ներկայացված է նաև աշխարհի բազմակի չեմպիոն ՌԴ թիմը: Օլիմպիադան արդեն 3-րդ անգամ է անցկացվում Հայաստանում։

Այս տարի մրցույթին մասնակցող 3 հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի օլիմպիադային մասնակցող ՀՀ բուհերի ցանկն ընդլայնվել է:

Մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած հեղինակավոր ծրագրավորողներ Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։

Օլիմպիադան անցկացվում է միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ (մասնակցում է շուրջ 300 թիմ):

 «Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ երկու անգամ հայաստանյան թիմերը դուրս են եկել մրցույթի եզրափակիչ փուլ:

Դումանյանի խոսքով՝ ներկայումս քննարկվում է Հայաստանում Սպորտային ծրագրավորման ֆեդերացիա ստեղծելու հարցը։

Նշենք, որ մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից կմասնակցեն 4 թիմեր, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն և CodeSignal ընկերությունը։

ICPC-ին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Այն կայանալու է հաջորդ տարի Եգիպտոսում: