15:01 | 07.04.22 | Նորություններ | 2231

Բացվել է «Խելացի լուծումների կենտրոնի» նոր coworking space-ը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու «Խելացի լուծումների կենտրոնի» տեխնիկապես հագեցած և վերանորոգված համագործակցային միջավայրից։

 «Որպես երկարաժամկետ ծրագիր, մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի բոլոր բուհերի հետ, ձևավորել միջոլորտային ստարտափներ, որոնք կաշխատեն տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների վրա և տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն»,- նշել է  ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

 «Համատեղ աշխատանքային միջավայրի ստեղծումը երկարաժամկետ ներդրում է, որը խելացի ուսանողներին թույլ կտա ստեղծել արժեք թե իրենց, և թե երկրի համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցությամբ «Խելացի լուծումների կենտրոնում» արդեն գործում է յոթ վերանորոգված լաբորատորիա: Այս տարի նախատեսվում է վերանորոգել ևս երկուսը։

Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ շեշտադրել է նորաբաց աշխատանքային տարածքի հնարավորությունները: Ուսանողներն իրենց ավարտական աշխատանքները և կուրսային նախագծերը կիրականացնեն տեխնիկապես հագեցած միջավայրում: Միևնույն ժամանակ, մասնավոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, միջավայրը նոր հարթակ կդառնա՝ խելացի լուծումներ ստեղծելու առաջնահերթությանը լծվելու համար: