12:36 | 15.02.22 | Նորություններ | 1746

ԵՄ հսկիչ մարմինը կոչ է արել արգելել Pegasus ծրագիրը

Տվյալների պաշտպանության ԵՄ հանձնակատարը (European Data Protection Supervisor, EDPS) կոչ է արել արգելել իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրը եւ նմանատիպ ծրագրային ապահովումը Եվրամիության տարածքում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

«ԵՄ-ում Pegasus-ի հնարավորություններով լրտեսական ծրագրերի մշակման եւ  ներդրման արգելքը կլիներ մեր հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը», - ասվում է EDPS-ի հայտարարության մեջ:

2021 թվականի ամռանը Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը եւ 17 լրատվամիջոցներ հրապարակեցին հետաքննության արդյունքներ, որոնց համաձայն, մի շարք երկրներ կարող էին լրտեսել տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ կիրառելով բջջային հեռախոսների համար նախատեսված Pegasus ծրագիրը:

2021թ. նոյեմբերին Հայաստանի մի քանի քաղաքական գործիչներ, մասնավորապես, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՎԾ նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը հայտնել էին, որ Apple ընկերությունից ստացել են նամակ-զգուշացուցմներ՝ Pegasus-ի հնարավոր ներգործության մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատգամավորական հարցում էր ուղարկել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու, թե ԱԱԾ-ն լրտեսական գաղտնալսող ծրագրի վերաբերյալ ահազանգերի ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

Ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Pegasus ծրագրա-ապարատային համակարգի միջոցով գաղտնալսումների մասին ՀՀ քաղաքացիներից ահազանգեր եւ հաղորդումներ հանցագործության մասին չի ստացել:

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների եւ այլ սարքերի վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին եւ տեսանյութերին, ակտիվացնել տեսախցիկը եւ խոսափողը առանց օգտատիրոջ իմացության։