12:05 | 11.02.22 | Նորություններ | 2162

Արցախի առաջին Թումո տուփը բացվել է Մարտակերտում

Մարտակերտում Թումո տուփի բացումով մեկնարկել է Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը.

«Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը եւ կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաեւ Ասկերանում եւ Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին եւ Ստեփանակերտի Թումոն վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով եւ նախագծերով», - ասել Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

photo © Թումո


Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից եւ այս ընթացքում ունեցել է շուրջ 4 000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան եւ նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաեւ Ասկերանի եւ Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղեւորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով:

Մարի Լու Փափազյանը եւ Արտակ Բեգլարյանը Մարի Լու Փափազյանը եւ Արտակ Բեգլարյանը
photo © Թումո


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախում տեխնոլոգիական կրթության տարածումը:

«Տեխնոլոգիական կրթության խրախուսումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգեւում եւ սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունն անչափ կարեւոր է Մարտակերտ քաղաքի եւ հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերեւացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ», - ասել է նա:

photo © Թումո


Մարի Լու Փափազյանը խոսել է նաեւ Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերի մասին.

«Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի եւս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան եւ Մարտունի քաղաքներում, ինչպես նաեւ առկա կենտրոններին եւ կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։

photo © Թումո


Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ: