18:25 | 25.01.22 | Նորություններ | 3514

Հայկ Չոբանյանն ընտրվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Հայկ Չոբանյանն ընտրվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն:

«Րաֆֆի Քասարջյանը լքում է գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն մնալու է մեր կողքին՝ խորհրդականի կարգավիճակում եւ ԱՏՁՄ վարչությունը բարձր է գնահատում այն ծավալուն աշխատանքը, որ կատարվել է նրա տնօրինման տարիներին։ Հայկ Չոբանյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ անդամ եւ աջակցել միության նախագծերին, ուստի ուրախ ենք, որ նա համաձայնել է ստանձնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը», - ասել է ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Իմ վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ՝ դեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելով, շատ կարեւոր եմ համարում, քանի որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել այս ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ եմ եղել 2004 թվականից, ապա 2005-2013՝ ԻՏՁՄ վարչության անդամ։ Մինչեւ 2017 թվականը գործադիր պաշտոն եմ զբաղեցրել միությունում՝ աշխատելով մեր սիրելի Կարեն Վարդանյանի հետ։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային եւ պետական անվտանգության խնդիր է։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի զինված ուժերում ներդրված տեխնոլոգիաներին։ Այդ է պատճառը, որ ռազմարդյունաբերությունը ձեւակերպված է որպես ԱՏՁՄ ռազմավարական առանձին ուղղություն։ Երկար տարիներ ԱՏՁՄ-ն, ըստ էության, կատարել է ոլորտի առաջնորդի դերը։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման եւ հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի, ուստի մեծագույն պատասխանատվությամբ եւ նվիրումով եմ իրականացնելու գործառույթներս՝ ԱՏՁՄ անդամների,  ներքին եւ արտաքին գործընկերների, ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ», - ասել է Հայկ Չոբանյանը։