18:04 | 23.11.21 | Հոդվածներ | 1607
Podcastle AI ընկերության հիմնադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը «Չոր մարքեթինգ»-ի վեբինարի ընթացքում կիսվել է ստարտափ ստեղծելու, զարգացնելու ու ներդրումներ ներգրավելու իր փորձով: «Եթե իրոք ուզում եք ստեղծել ինչ-որ բան, եթե դա ձեր երազանքն է, փորձեք անել ամեն ինչ ու չհիասթափվել. առանց դժվարությունների մեծ բան չի լինում», - ասել է Արտավազդ Երիցյանն ու կիսվել խորհուրդներով:
Podcastle-ի ստեղծման ու հնարավորությունների մասին
Podcastle-ն աուդիոկոնտենտ ստեղծելու գործիք է: Դրանից օգտվելու համար պետք է գրանցվել Podcastle.ai կայքում եւ ընտրել աշխատելու տարբերակներից մեկը: Դուք կարող եք ձայնագրել ձեզ ու ստանալ ձայնագրության մշակված տարբերակը:
Երկրորդ տարբերակով, եթե չեք սիրում ձայնագրել ինքներդ ձեզ, կարող եք ուղղակի ծրագիր ներմուծել տեքստը, ընտրել մեր արհեստական բանականության կողմից ստեղծված ձայներից մեկը ու դրա միջոցով տեքստից աուդիո ստանալ: Նախատեսում ենք նաեւ ձայնի կլոնավորման տեխնոլոգիա կիրառել, որով կկարողանաք ձեր ձայնը մեզ տրամադրելով՝ այնուհետեւ տալ միայն տեքստն ու ստանալ ձեր ձայնով ձայնագրությունը: Տարբերակ ունենք նաեւ հեռավար, զանգի միջոցով արվող հարցազրույցների համար: Այս դեպքում մեր առավելությունն այն է, որ ձայնագրում ենք ոչ թե զանգը, այլ՝ յուրաքանչյուր մասնակցի համակարգչի միկրոֆոնի ձայնը, այսինքն՝ անկախ կապի որակից, որակյալ ձայնագրություն ենք ստանում:
Podcastle-ի ստեղծումը սկսել ենք կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Միշտ ցանկացել եմ սեփական ընկերություն հիմնել ու համավարակի օրերին հասկացա՝ սկսելու ժամանակն է:
Նախկինում աշխատում էի Picsart-ում: Աշխատանքս շատ մարդկանց հետ էր առնչվում ու անընդհատ խնդիր էր լինում ինչ-որ կոնտենտ մարսելու՝ ինչ-որ բաներ պետք է կարդայի, ինչ-որ բլոգեր նայեի, մարդիկ նյութեր էին ուղարկում: Ինքս ինձ համար ստեղծեցի փոքր գործիք, որը տեքստերը վերափոխում էր աուդիոյի, որպեսզի կկարողանամ դրանք լսել ու ավելի արագ մարսեմ: Հետո այդ գործիքը ցույց տվեցի ընկերներիս, նրանց էլ դուր եկավ, որոշեցի՝ ինչո՞ւ ոչ, ավելի շատ մարդկանց համար հասանելի դարձնեմ, փորձեն: Ու մի հետաքրքիր բան նկատեցինք՝ մարդիկ ավելի շատ ոչ թե լսելու համար են մեր գործիքն օգտագործում, այլ՝ կոնտենտ ստեղծելու. իրենց պատրաստի կոնտենտը վերափոխում էին աուդիոյի ու տարածում էին Spotify-ում, Apple podcasts-ում:
Փոդքասթինգի ու աուդիո ստեղծելու ոլորտը վաղուց կար, բայց այն արագ չէր աճում, քանի որ մարդիկ չէին լսում փոդքասթներ: Վերջին երկու տարվա ընթացքում իրավիճակը փոխվեց: ԱՄՆ-ում ամսական մոտավորապես 160 մլն մարդ փոդքասթ է լսում: Սա առաջացրեց մեծ վակուում՝ փոդքասթ ստեղծելու գործիքների առումով: Ժամանակին, երբ փոդքասթինգն այնքան էլ տարածված չէր, ստեղծվել էին գործիքներ, որոնք արդեն հնացել էին, բավականին բարդ էին, եւ մարդիկ դրանցից շատ քիչ էին օգտվում: Մտածեցինք՝ ճիշտ ժամանակն է, օգտագործելով մեր գիտելիքն ու փորձը, մշակել հեշտ գործիք աուդիոկոնտենտի ստեղծման ու տարածման համար:
Ներդրումների ներգրավման համար կարեւոր են կապերն ու շուկան
Երբ սկսում էինք, կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներդրողները, վենչուրային հիմնադրամները ինչ-որ ժամանակ որոշեցին ներդրումներ չանել, մինչեւ հասկանան, թե շուկայի հետ ինչ է կատարվում: Հետո իրավիճակը փոխվեց, ներդրողները հասկացան՝ ամեն ինչ գնում է դեպի թվայնացում ու սկսեցին ավելացնել ներդրումները: Սա օգնեց: Մեզանով սկսեցին շատ ներդրողներ հետաքրքրվել, մենք ակտիվացանք, բայց սկսվեց պատերազմը:
Այդ իրավիճակում ներդրում ներգրավելը բարդացավ: Պոտենցիալ ներդրողները համացանցում փնտրում էին «Հայաստան», տեսնում էին, որ մեզ մոտ պատերազմ է ու որոշում էին ներդրումներ չանել: Այնուամենայնիվ, թեեւ դժվարությամբ, բայց կարողացանք 2 մլն դոլար ներդրում ներգրավել, ինչը մեզ օգնեց մեծացնել թիմը:
Դրանից հետո, արդեն այս տարի, երկրորդ ներդրումը ներգրավեցինք՝ 7 մլն դոլարի չափով:
Սկսենք առաջին ներդրումը ներգրավելու նպատակից: Մենք շատ կարճ ժամանակում ունեցանք շատ օգտատերեր եւ նրանց լավագույնս սպասարկելու համար նոր մարդիկ էին պետք, իսկ դրա համար պետք էր գումար:
Այնպես էր ստացվել, որ երկար տարիների ընթացքում, դեռ մինչեւ այս ընկերության հիմնումը, բավականին մեծ network էի ձեւավորել, բազմաթիվ կապեր էի ստեղծել: Սա բավականին հեշտացրեց գործընթացը: Նաեւ որոշ չափով հեղինակություն էի ձեռք բերել՝ իբրեւ մասնագետ, ու սա եւս կարեւոր էր ներդրումներ ստանալու համար:
Ընկերության ստեղծումից հետո մենք սկսեցինք ինֆորմացիան շատ արագ տարածել տարբեր հարթակներում, որպեսզի ներդրողները տեսնեն այն: Պրոդուկտի մասին խոսելը, այն տարածելը, պատմությունը ճիշտ ներկայացնելն օգնեց, որ ներդրողներն իրենք էին մեզ գրում: Մենք շատ քիչ ենք փորձել գործել, այսպես կոչված, «սառը նամակներով»: Այսինքն՝ ներդրողներին առանց ճանաչելու, փորձել գրել նրանց, հետաքրքրություն առաջացնել: Հիմնականում, ինչ «սառն» ենք արել, չի ստացվել: Ստացվել է, երբ ներդրողներն իրենք են մեզ գրել ու դրանից սկսվել է հետագա գործընթացը:
Կարծում եմ՝ մեր հաջողության կարեւոր կետերից մեկը տարիների ընթացքում ստեղծված network-ն էր, երկրորդը՝ շուկան, որում մենք սկսեցինք աշխատել, այդ պահին շատ մեծ տարածում ուներ: Տարբեր ներդրողներ, վենչուրային հիմնադրամներ փնտրում էին ընկերություններ, որոնք փոդքասթների համար ինչ-որ բան են ստեղծում, որպեսզի ներդրում կատարեն: Այս առումով մեր ճանապարհը բավականին հեշտ էր, բայց եղած իրավիճակը՝ համավարակը, պատերազմը, դժվարություններ առաջացրեցին:
Երկրորդ ներդրումը ստացանք առաջինից 8 ամիս անց, քանի որ այդ ընթացքում ապացուցեցինք՝ կարող ենք շատ արագ մեծ ու ուժեղ թիմ ստեղծել: Չնայած մեր փոքր ու նորաստեղծ լինելուն, մեզ արդեն համեմատում էին հայտնի գործիքների հետ:
BigStory VC-ն ստեղծել ենք պրակտիկ ստարտափներին օգնելու նպատակով
Krisp ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանի եւ ես ստեղծեցինք BigStory VC վենչուրային հիմնադրամը՝ հասկանալով, որ ճիշտ կազմակերպման դեպքում մեր փորձն ու աջակցությունը կարող է առավել օգտակար լինել ստարտափներին:
Հիմնադրամի հիմնական նպատակն է օգնել շատ պրակտիկ ստարտափներին, ընդ որում՝ ոչ միայն գումարով, այլեւ ձեռք բերված գիտելիքներով: Որոշել ենք, որ շատ ներդրումներ չենք անելու ու ներդրելու ենք այն ստարտափների մեջ, որոնց, ըստ մեզ, կկարողանանք առավել արդյունավետ աջակցություն ցույց տալ՝ թե՛ մեր կապերով, թե՛ ինչ-որ ռեսուրսներով: Ամեն մեկս տարեկան մոտ 2-3 ստարտափի մեջ ենք ներդրում անելու, որպեսզի ժամանակ ունենանք արդյունավետ աշխատել: Ցանկացողներն արդեն իսկ կարող են դիմել:
Գրի առավ Յանա Շախրամանյանը