13:32 | 02.11.21 | Հոդվածներ | exclusive 15678

Թվային մարտահրավերներ ու մասնագիտական կրթություն. Webb Fontaine-ը DigiTec 2021-ում

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան ՏՏ ոլորտի ամենամեծ միջոցառմանը ներկայանում է նաեւ Webb Fontaine ընկերությունը: Itel.am-ը եղել է ընկերության դիջիթեքյան տաղավարում եւ զրուցել ոլորտի ներկայիս թրենդների ու մարտահրավերների մասին:

Մասնագետների պակասը՝ զարգացման խոչընդոտ

Webb Fontaine Group ընկերության ՏՏ հետազոտության եւ զարգացման տնօրեն Արա Շամիրզայանը բարձր է գնահատում Հայաստանի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Նրա խոսքով՝ զարգացման համար առաջնային խոչընդոտներից է բարձր որակավորմամբ մասնագետների պակասը:

«Կոնկրետ մեր ընկերությունում այս պահին ունենք 50 թափուր աշխատատեղ եւ ակտիվորեն աշխատում ենք բացը լրացնելու ուղղությամբ: Մասնագիտական թրեյնինգները, կրթական ծրագրերը լուծում են սկսնակ մասնագետների պատրաստման հարցը, բայց փորձառու մասնագետների պակասը շարունակում է խնդիր լինել: Յուրաքանչյուր չորս սկսնակի կողքին պետք է լինի մեկ փորձառու մասնագետ, որովհետեւ սկսնակն ինքնուրույն մեծ նախագծեր առաջ տանել չի կարող:

Արա Շամիրզայանը Արա Շամիրզայանը
photo © Մեդիամաքս


Այս հարցին լուծում տալու համար մտածում ենք նաեւ արտերկրից մասնագետներ Հայաստան տեղափոխելու կամ նրանց աշխատանքը հեռավար կազմակերպելու ճանապարհով»,- մանրամասնում է Արա Շամիրզայանը:

ՏՏ կրթություն եւ աշխատանք

DigiTec Expo-ին մասնակցությունը ընկերության համար հատկապես կարեւոր է աշխատուժին ներկայանալու տեսանկյունից: Այս նպատակով էլ տաղավարը բաժանել էին երկու մասի՝ մի հատվածում ներկայացնելով Webb Fontaine-ը, իսկ մյուսում՝ ընկերության կրթական նախաձեռնությունը՝ Sourcemind-ը:

«Մեր կրթական գործունեությունը Sourcemind բրենդով ենք ներկայացնում, որտեղ էլ  փորձում ենք ներգրավել լավագույն դասախոսներին եւ՛ Webb Fontaine-ից, եւ այլ առաջատար կազմակերպություններից։ Լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստանում են Webb Fontaine-ի կողմից, բայց քանի որ մեր հիմնական նպատակը հենց շուկայում որակյալ սկսնակ  կադրերի ապահովումն է, հետեւաբար ուսանողների առնվազն 50%-ը կարող են դառնալ այլ ՏՏ ընկերությունների մասնագետներ»,- նշում է Արա Շամիրզայանը:

photo © Մեդիամաքս


Նա հավելում է, որ ընկերությանը հիմնականում անհրաժեշտ են ծրագրավորողներ Java-ի իմացությամբ եւ իրենք ուրախ են Webb Fontaine ընդունել որակյալ մասնագետների:

Բացառելով թղթային կեղծարարությունը

Webb Fontaine-ի հաճախորդները հիմնականում երկրներն են, որոնց ընկերությունն օգնում է արդյունավետ ու թափանցիկ դարձնել առեւտրային գործարքները։ Հայաստանյան գրասենյակը Webb Fontaine-ի ամենամեծ R&D կենտրոնն է, որտեղ շուրջ 150 աշխատակիցներ մշակում են ծրագրեր ու ապահովում դրանց տեղադրումը։

photo © Մեդիամաքս


«Պետությունների միջեւ առեւտրային գործընթացների թափանցիկության ապահովման շնորհիվ կառավարությունները կարող են բացառել կոռուպցիոն գործարքները: Բացի կոռուպցիայի նվազումից, Webb Fontaine-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում առաջնային է նաեւ  բնության պահպանումը, ուստի մեր պրոդուկտների միջոցով էլ հնարավորություն ունենք ամբողջովին բացառել թղթային գործարքները մաքսային ոլորտում՝ այդ կերպ նպաստելով բնության պահպանությանը: Սրա համար անհրաժեշտ է, որ պետությունը ունենա համապատասխան իրավական հիմքեր:

photo © Մեդիամաքս


Շատ երկրներում մինչեւ այժմ էլ օրենքը պահանջում է գործարքային փաստաթղթերի որոշակի ժամկետով պահպանում թղթային եղանակով, մինչդեռ մենք առաջարկում ենք հսկայական արխիվների փոխարեն ունենալ ապահով տվյալների բազա»,- մանրամասնում է Արա Շամիրզայանը:

Համավարակային իրողություններ

Ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Webb Fontaine ընկերության համար համավարակը մարտահրավերային էր: Փոփոխություններին արագորեն ընդառաջ գալու եւ այդ հարցում պետություններին աջակցելու մասին պատմել է ընկերության էլեկտրոնային վճարումների պրոդուկտի ղեկավար Յան Գասքոնը:

«Առաջին ամիսների ընթացքում երկրների միջեւ առեւտրային գործարքների նվազում էր նկատվում, սակայն կարճ ժամանակ անց  գործարքների քանակը կրկին շատացավ։ Այս դինամիկան վկայում է այն մասին, որ երկրները կարողացան արագ վերակառուցել իրենց ապրանքների պաշարները համաճարակի ընթացքում: Այս պարագայում մեր ընկերության խնդիրն էր օգնել մեր հաճախորդ կառավարություններին ադապտացվել իրավիճակին՝ առեւտրային գործարքներն ամբողջապես թվայնացնելով: Հատկապես աֆրիկյան տարածաշրջանի շատ պետություններ բոլորովին պատրաստ չէին սրան, քանի որ բազմաթիվ գործարքներ կատարվում էին դեմ առ դեմ հանդիպման եղանակով»,- մանրամասնում է նա:

Յան Գասքոնը Յան Գասքոնը
photo © Մեդիամաքս


Ընկերության համար մյուս մարտահրավերն աշխատանքի հեռավար կազմակերպումն էր: Յան Գասքոնի խոսքով՝ իրենց հաջողվել է պահել ընկերության հետ կապն այնպես, որ որեւէ աշխատակից իրեն մեկուսացված չզգա, բոլորը մշտապես ունենան իրենց մեծ ընտանիքի աջակցությունը:  

Մեկ քայլ առաջ

Webb Fontaine-ի առաջարկած համակարգը դուրս է մղում դեմ առ դեմ շփման անհրաժեշտությունը մաքսային ոլորտում, որը համավարակի պարագայում անվտանգային ու առողջապահական հարցեր է լուծում:

«Բանկային համակարգերին ինտեգրումը մեզ թույլ է տալիս ուղիղ վճարումներ կատարել արտահանման ու ներմուծման գործարքների ժամանակ: Այժմ աշխատում ենք նաեւ էլեկտրոնային դրամապանակների՝ e-wallet-ների ինտեգրման ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան բոլոր գործարքները կատարել իրենց նախընտրելի վայրում պարզապես սմարթֆոնից օգտվելով»,- մանրամասնում է Յան Գասքոն:

photo © Մեդիամաքս


Նա հավելում է, որ այժմ առեւտրի ոլորտում իրենց գլխավոր խնդիրն ավելի շատ կառավարությունների, առեւտրային կազմակերպությունների ընդգրկումն է թվայնացված համակարգերում եւ գործընթացների առավելագույնս ավտոմատացումը:

«Մեր փորձառու թիմը օգնում է երկրներին հասկանալ իրենց կարիքները առեւտրի թվայնացման ոլորտում, տրամադրում հենց տվյալ երկրի պահանջներին համապատասխան առեւտրի թվայնացման լուծումներ անգամ այն պարագայում, երբ երկրներից շատերը պատրաստ չեն փոփոխություններին»,- ամփոփում է Յան Գասքոնը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի