15:00 | 01.11.21 | Հոդվածներ | exclusive 14590

DataArt-ի Proggy-Buggy մրցույթն օգնում է հանճարեղ ծրագրավորողների գտնել

DataArt ընկերությունում անցկացվել է ամենամյա Proggy-Buggy ծրագրավորման մրցույթ-օլիմպիադան: Itel.am-ը ներկա է գտնվել միջոցառմանը DataArt Հայաստանում, պարզել մրցույթի անցկացման պայմանները, նպատակն ու, իհարկե, մրցանակները:

Proggy-Buggy ծրագրավորման մրցույթը DataArt ընկերությունը տարբեր երկրների իր գրասենյակներում անցկացնում է 2013 թվականից: DataArt Հայաստանում այն անցկացվում է երկրորդ անգամ:

«Առաջին անգամ Proggy-Buggy-ն անցկացրել ենք 2019թ.-ին: 2020թ.-ին հասկանալի պատճառներով մրցույթը չի անցկացվել, իսկ այս տարի այն կազմակերպել ենք հակահամաճարակային բոլոր միջոցների կիրառմամբ», - Itel.am-ին պատմել է DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանը:

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Մրցույթը, ծրագրավորման ոլորտում մասնակիցների հմտությունները պարզելուց բացի, ունի հումորային ու ժամանցային բաղկացուցիչ:

«Հումորային է նաեւ անվանումը: Այն կազմվել է անգլերեն «programming» եւ «bug» բառերից: Նկատի ունենալով, որ որտեղ ծրագրավորում, այնտեղ՝ «bug»-եր (ծրագրային սխալներ-հեղ.): Մեր նպատակն է մասնակիցներին ծանոթացնել մեր ընկերությանը, մեր մշակույթին, ինչպես նաեւ հայտնաբերել ոչ թե պարզապես տաղանդավոր, այլ հանճարեղ մասնակիցների», - ասել է Իշխան Մարգարյանը:

photo © Մեդիամաքս


Proggy-Buggy-ին կարող են մասնակցել ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր ցանկացողները՝ անկախ աշխատանքի վայրից ու ունեցած փորձառությունից:

«Կան մասնակիցներ եւ՛ DataArt-ի թիմից, եւ՛ այլ ընկերություններից: Մասնակցել կարելի է առանց տարիքային, կամ որեւէ այլ սահմանափակումների: Կարող եք մասնակցել թե՛ որպես անհատ, թե՛ որպես թիմ: Այս տարի, ընդհանուր առմամբ, 20 մասնակից ունենք: Մրցույթն ավելի շատ մաթեմատիկական մտածողություն ունեցող մարդկանց համար է, քանի որ տրվող խնդիրները հիմնականում տրամաբանական են: Ունենք 13 հարց ու 42 րոպե՝ դրանց պատասխանելու համար: Այս թվերի ընտրությունը պատահական չէ», - ասել է Իշխան Մարգարյանը:

photo © Մեդիամաքս


«Թվերի սիմվոլիկան հետեւյալն է. 42-ը Դուգլաս Ադամսի  «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը» գրքից է, գրքում այս թիվը կյանքի հետ կապված բոլոր հարցերի ունիվերսալ պատասխանն է, իսկ 13-ը, որովհետեւ բոլոր օլիմպիադաներում կարծես ձեւավորված ավանդույթ լինի ընդգրկել 13 խնդիր: Ինչ վերաբերում է մասնակիցներին ընտրելու ընթացակարգին, մենք հայտարարում ենք միջոցառման մասին ու դիմել կարող են բոլոր ցանկացողները: Անպայման չէ, որ նրանք ունենան ծրագրավորման ոլորտում շատ լուրջ գիտելիքներ, կարող են դիմել թե՛ սկսնակ, թե՛ մեծ փորձառություն ունեցող ծրագրավորողները», - ասել է DataArt Հայաստանի ՄՌ գծով արտաքին կապերի պատասխանատու Քսենյա Պողոսյանը:

Քսենյա Պողոսյանը եւ Իշխան Մարգարյանը Քսենյա Պողոսյանը եւ Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Իշխան Մարգարյանի կարծիքով՝ Proggy-Buggy-ն հետաքրքիր փորձառություն է մասնակցելու տարբեր երկրներում միաժամանակ անցկացվող միջազգային մրցույթի, փորձելու սեփական գիտելիքները:

photo © Մեդիամաքս


«Ունենք մի քանի անվանակարգ: Լինելու է գլոբալ հաղթող, լոկալ՝ հայաստանյան հաղթող, ունենալու ենք հաղթող, որն առաջինը կպատասխանի հարցերին, հաղթող, որն առաջինը կպատասխանի պատասխան չունեցող հարցի. այստեղ եւս հումորով ենք մոտեցել: Անվանակարգ ունենք նաեւ խնդրին տրված ամենակարճ պատասխանի համար, որովհետեւ ամեն խնդիր կարելի է լուծել տարբեր ճանապարհներով, ծրագրավորման գրեթե բոլոր լեզուներով: Մրցանակի առումով՝ ի՞նչ կարելի է նվիրել մարդկանց, որոնք հետաքրքրված են ծրագրավորմամբ եւ մաթեմատիկայով. իհարկե, ամենալավ նվերը կլինի ծրագրավորմանը վերաբերող գիրքը: Ընտրել ենք ոլորտի ամենաթրենդային գրքերը, որոնք ձեռք բերելը բավականին դժվար է՝ գնի ու գտնելու առումով: Հաղթողներից բացի, խրախուսական նվերներ կստանան նաեւ մյուս մասնակիցները», - ասել է Իշխան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս ու նմանատիպ մրցույթներին մասնակցության անկում կա, սակայն Հայաստանը դրական առումով զարմացրել է DataArt ընկերությանը:

photo © Մեդիամաքս


«Հայաստանն ու մեր նոր երկրներից Ղազախստանը հաճելիորեն զարմացրել են իրենց ակտիվությամբ, մասնակիցների թվով: Այս կապակցությամբ մեր գլոբալ հանդիպումներից մեկի ժամանակ հատուկ շնորհակալություն են հայտնել Հայաստանին ու Ղազախստանին, քանի որ մենք կարողացել ենք մրցույթի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել շատերին ու հետաքրքրություն առաջացնել», - ասել է DataArt Հայաստանի փոխտնօրենը:

photo © Մեդիամաքս


Նա նշել է՝ նախորդ անգամ անցկացված մրցույթից հետո, եղել են ծրագրավորողներ, որոնք ծանոթանալով ընկերության մշակույթին՝ ցանկացել են աշխատանքի անցնել DataArt Հայաստանում:  

photo © Մեդիամաքս


«DataArt Հայաստանը 2019թ.-ին եւ 2021թ.-ին, կարելի է ասել, տարբեր կազմակերպություններ են: Տարբեր են ոչ թե մշակութային, այլ՝ չափերի տեսանկյունից: 2019թ.-ին, երբ մենք առաջին անգամ կազմակերպում էինք այս օլիմպիադան, մոտ 50 աշխատակից ունեինք: Այս պահին DataArt Հայաստանում աշխատում է շուրջ 250 մարդ, եւ մենք ունենք շատ ակտիվ աշխատող ուսնակների ու փորձնակների ծրագրեր: Proggy-Buggy-ն լավ առիթ կլինի, որ կարողանանք իդենտիֆիկացնել նաեւ մեր ապագա ուսնակներին: Փորձնակության ու ուսնակության հետ կապված շատ ամբիցիոզ պլաններ ունենք 2022թ.-ի համար, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրեր ունենք, ուզում ենք եռապատկել, քառապատկել ուսնակների թիվը: Proggy-Buggy-ն մրցույթն է, որի միջոցով DataArt-ը միշտ հայտնաբերել է ոչ թե տաղանդավոր, այլ իսկապես հանճարեղ ծրագրավորողների, որոնց կարելի է ուղղակի տեղում աշխատանքի առաջարկ անել», - ասել է Իշխան Մարգարյանը:

Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են առաջիկա օրերին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի