16:26 | 28.10.21 | Նորություններ | 1367
«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ի ընթացքում ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ինժեներական ասոցիացիայի եւ Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի միջեւ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ կողմերը մտադիր են համագործակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ ի նպաստ ճարտարագիտության եւ հարակից ուղղություններով բարձր որակավորմամբ մասնագետների զարգացման։
«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ն անցկացվել է հոկտեմբերի 21-25-ը Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում։
«Տեխնոլոգիական ոլորտն իսկապես կարող է առաջ տանել Հայաստանը, ինչն էլ պիտի համարի իր հիմնական առաքելությունը: Ինստիտուցիոնալ մոտեցումը թույլ կտա ստեղծել միջավայր, որտեղ զգալի հաջողությունների հասնելու հնարավորություն կստանան նաեւ տեղական ստարտափները»,- ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Միջոցառման առաջին օրը Երեւանում տեղի են ունեցել գիտության եւ ինժեներության տարբեր ուղղություններին նվիրված պանելային քննարկումներ: Հոկտեմբերի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի են ունեցել քննարկումներ՝ նվիրված Վանաձորի տեխնոլոգիական զարգացմանը, արդյունաբերությանը, կրթությանը եւ գիտությանը: Դրանց զուգընթաց՝ անցկացվել է «Գիտության ինկուբացիա. ճարտարագիտության նոր հնարավորություններ» խորագրով սեմինար, որը կազմակերպել էր PMI Science-ը:
Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները ներկայացրել են իրենց վերջին նվաճումներն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային արդյունաբերության, ավիատիեզերական արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, կիբերանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության եւ այլ ոլորտներում:
Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կայացել են երկու հեքըթոնների ամփոփիչ Դեմո օրերը: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացած «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» հեքըթոնի հաղթել են ThreeSmart-ը, SFI-ը եւ QaylTech-ը, իսկ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» հեքըթոնում՝ RoboKit, EduCats եւ ArtInsight թիմերը։