15:34 | 30.08.21 | Նորություններ | 1719

SpaceCamp-2021 ճամբարի մասնակիցները տիեզերագիտությանը կծանոթանան

Լոռիի COAF SMART կենտրոնում օգոստոսի 29-ից մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)  ամառային ճամբարը, որին մասնակցում են 2020-2021թթ. ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից միջազգային եւ հանրապետական օլիմպիադաներին մեդալներ եւ 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտները, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի եւ ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:

Այն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, ԱՅԱՍ հասարակական կազմակերպության, COAF եւ Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամների հետ համագործակցությամբ:

Ճամբարի կրթական ծրագիրը պատրաստել է ԱՅԱՍ տիեզերական ընկերության հիմնադիր-նախագահ Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ առաջին  անգամ Հայաստանում աշակերտների համար նախաձեռնել եւ իրականցվում է աննախադեպ մի ծրագիր՝ Տիեզերական ճամբար, որտեղ արծարծվում են տիեզերագիտությանը, տիեզերական ճարտարագիտությանը վերաբերող հարցեր։  

Ճամբարային չորս օրերի ընթացքում մասնակիցների համար դասախոսություններ կկարդան, գործնական պարապմունքներ կանցկացնեն ԱՅԱՍ տիեզերական ընկերության, Գիտուժ, Աստրոպոլիս նախաձեռնությունների անդամները: