17:14 | 23.08.21 | Նորություններ | 4799
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն երկու տարի է, ինչ Տավուշի հյուսիս-արեւելյան մասում գտնվող Կողբ գյուղում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում։
Պետական սահմանից 4.5 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղում թե 2019թ.-ին, թե 2020թ.-ին աշխատանքներն իրականացվել են դժվարին շրջանում, նախ՝ համավարակով, այնուհետեւ 44-օրյա պատերազմով պայմանավորված պայմաններում։ Անկախ հանգամանքներից՝ լուծվել են գյուղի արտաքին լուսավորության եւ մանկապարտեզներից մեկի ջեռուցման խնդիրները:
2020թ.-ի ընթացքում, գործընկեր կազմակերպությունների ջանքերով, Կողբ գյուղի տարածքում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված: Տեղադրվել է 50 ԼԵԴ լուսարձակ։ Աշխատանքները չեն դադարել նաեւ այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է տեղադրել եւս 40 ԼԵԴ լուսարձակ եւ լուսավորել շուրջ 1550 մետր երկարությամբ հատված։ Այսպիսով, 2021 թ.-ի ավարտին, Վիվա-ՄՏՍ-ի եւ FPWC-ի ջանքերով, Կողբում կլինի շուրջ 3400 մետր լուսավորված փողոց: Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական եւ համայնքի միջոցները տնտեսելու առումով:
Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կողբի վարչական ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը եւ բնակիչներ: Նրանք շրջայցով եղել են նաեւ բնակավայրի մանկապարտեզներից մեկում:
«Ցանկացած ծրագիր ունի իր շահառուն: Երբ գյուղերում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր ենք իրականացնում, ավելի հաճախ փորձում ենք զգալ երեխաների եւ երիտասարդների տրամադրությունը: Նրանք պետք է մեծանան առանց դառը հիշողությունների: Լուսավոր փողոցում քայլերը, տաք եւ կոկիկ միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Եվ եթե մենք փորձենք որպես շահառու դիտարկել վաղվա սերունդը՝ կշահենք բոլորս: Երիտասարդներն են մեր ապագան: Այդ ապագան պետք է լինի վստահ, կենսուրախ եւ համարձակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
70 տարի առաջ կառուցված մանկապարտեզը, երկար տարիներ ջեռուցվել է քարածխի, այնուհետեւ՝ փայտի վառարանների միջոցով: Ջեռուցման ոչ արդյունավետ եւ երեխաների անվտանգության համար ոչ ցանկալի մեթոդներն արդեն մեկ տարի փոխվել են: Այժմ հին վառարանները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։
2019թ.-ի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, մանկապարտեզի տարածքում ամբողջովին նոր ջեռուցման համակարգ է կառուցվել եւ համալրվել է 30 կՎտ հզորությամբ արեւային ջրատաքացուցիչներով։ Գործընկեր կառույցները կարեւորում են նաեւ ծրագրի բնապահպանական բաղադրիչը, այդ պատճառով ընտրվել է բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառելու սկզբունքը։ Արեւային ջրատաքացուցիչները հնարավորություն են տալիս ջեռուցումն ապահովելիս սպառել 40-50%-ով պակաս բնական գազ:
«Սահմանապահ եւ հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը»,- ասված է Վիվա-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ: