00:08 | 18.07.21 | Հարցազրույցներ | exclusive 93724

Ալեքսեյ Պետունին. Հայաստանն այսօր աշխարհի առաջատար նորարարական երկրներից է

SAP CIS ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Պետունինի բացառիկ hարցազրույցը Itel.am-ին

- SAP-ը հայաստանյան շուկա պաշտոնապես մուտք գործեց ավելի քան 10 տարի առաջ` 2010-ի դեկտեմբերին: Ինչպե՞ս եք գնահատում ընկերության ձեռքբերումները այս ընթացքում:

- Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը վերջին տասնամյակում մշտապես աճել է:

Հայաստանյան ՏՏ շուկան այսօր ամենահեռանկարայիններից է բիզնեսի զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման արագության, նորարարությունների եւ համատեղ թվային նախագծերի բաց լինելու տեսանկյունից, իսկ SAP-ը դարձել է այս շուկայի բիզնես-լուծումների հիմնական մատակարարներից մեկը: SAP-ն ակտիվորեն ներգրավված է երկրի թվային օրակարգում`օգնելով ընկերություններին արդյունավետորեն անցնել թվային վերափոխման ուղին: Մենք կիսվում ենք մեր բիզնես-պրակտիկաներով եւ բազմամյա փորձով տարբեր արդյունաբերություններում, նախաձեռնել ենք բազմաթիվ նախագծեր ֆինանսական եւ պետական հատվածում, ռիթեյլի, լոգիստիկ եւ արտադրական ոլորտներում:

Մեր լայն ամպային պորտֆոլիոն օգնեց կտրուկ կրճատել նախագծերի ներդրման եւ հաճախորդների համար բիզնես-արդյունքի ստացման ժամկետները: Հայկական շուկան շատ հետաքրքիր է նաեւ Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ երկրներից մեր գործընկերների համար, եւ սահմանները խոչընդոտ չեն հանդիսանում. մենք ի վիճակի ենք իրականացնել նախագծեր խառը ձեւաչափով եւ հեռակա կերպով: Անցած մի քանի տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային այլ շուկաներում ամենաակնառու միտումներից մեկն է այն լուծումների վրա կենտրոնանալը, որոնք կօգնեն բարելավել հաճախորդների փորձը, փոխգործակցությունը նրանց հետ եւ, որպես արդյունք, բարելավել ծառայությունը:

University Alliance ծրագրի միջոցով SAP-ն ակտիվորեն աջակցում է նաեւ Հայաստանում երիտասարդական համայնքների զարգացմանը՝ նրանց տաղանդները կյանքի կոչելու հնարավորություն ընձեռելով, այդ թվում` համաշխարհային տեխնոլոգիական շուկայում:

- Քանի՞ հաճախորդ ունեք Հայաստանում, հնարավո՞ր է նրանց ընդհանրացված «դիմանկարը» կազմել: Դա հիմնականում խոշո՞ր ընկերություններ են:

- Մեր հաճախորդը բաց է ցանկացած նորամուծությունների համար, չի վախենում փորձարկումներ անել, բայց անում է դա ճիշտ՝ առանց ավելորդ ռիսկի՝ հասկանալով, թե ինչու է պետք փոխվել տեխնոլոգիայի միջոցով, մասնակցում է գործընթացին ծրագրի բոլոր փուլերում, վստահում մեր փորձին՝ օգտագործելով լավագույն պրակտիկաներն իր նպատակներին հասնելու գործում:

Եթե խոսում ենք հաճախորդների թվի մասին, ապա հարցը, մի կողմից, պարզ է, սակայն «սատանան միշտ մանրուքների մեջ է»: Ավանդական իմաստով հաճախորդներն այն ընկերություններն են, որոնք արդեն օգտագործում են մեր լուծումները: Սակայն SAP-ում մենք ավելի լայն ենք նայում այս հայեցակարգին՝ խոսելով էկոհամակարգի մասին, որը ներառում է եւ՛ գործընկերներին, եւ՛ հաճախորդներին, որտեղ միասին անցնում ենք թվային վերափոխման ուղով, ստեղծում նոր լուծումներ եւ նոր փորձ: Օրինակ, 2018 թվականին ACBA Bank-ի հետ միասին, որը Հայաստանում գործընթացների ավտոմատացման առաջատարներից մեկն է, մենք մեկնարկեցինք թվային վերափոխման լայնածավալ հնգամյա ծրագիր, որը ներգործություն կունենա բանկի բոլոր ստորաբաժանումների վրա: Բանկն օգտագործում է SAP լուծումներ տրանզակցիոն բանկինգի, պլանավորման եւ բյուջետավորման, բանկի տվյալների պահեստ կառուցելու, անձնակազմի կառավարման եւ տաղանդների կառավարման հիմնական գործընթացների համար: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բանկը կբարելավի հաճախորդների հետ աշխատանքի որակը, կնվազեցնի նոր ապրանքներ շուկա բերելու ժամանակը եւ կբարելավի ինչպես գործառնական, այնպես էլ հիմնական գործընթացների արդյունավետությունը:

Մեր թվային հարթակից օգտվում է նաեւ մանրածախ առեւտրի առաջատար «Երեւան Սիթի»-ն`արդյունավետորեն կառուցելով պլանավորման, կանխատեսման եւ կառավարման գործընթացները: Ռիթեյլի, ապահովագրական եւ բանկային ոլորտի այլ ընկերությունները նույնպես օգտագործում են SAP լուծումներ:

Ալեքսեյ Պետունինը Ալեքսեյ Պետունինը
photo © SAP


Միեւնույն ժամանակ, մենք շփվում ենք նաեւ միջին չափի ընկերությունների հետ, որոնք պատրաստ են զարգանալու եւ վերափոխվելու: Նմանատիպ պահանջները շատ են ռիթեյլում: Ղեկավարները գիտակցում են, որ դժվար կլինի մրցակցել աճող շուկայում առանց ուժեղ, հեշտությամբ ընդլայնվող լուծումների, որոնք կարող են վերլուծել տվյալների մեծ ծավալներ եւ հաճախորդների համար ավելի լավ փորձ առաջարկել:

- Հայկական շուկան մեծ չէ, ինչը՞ կարող է ծառայել որպես աճի խթան:

- Որպես աճի խթան կարող է ծառայել հենց փոքրության փաստը։ Դա հնարավորություն է տալիս որակապես աճելու, որոշակի լուծումների եւ հարթակների ավելի մանրամասն ուսումնասիրության, իսկ պետությանն ու բիզնեսին՝ սերտ համագործակցության մեջ աշխատելու՝ զարգացնելով երկրի թվային արտահանման ներուժը:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային թվային օրակարգին, երկրի ՏՏ ոլորտի շատ ընկերություններ աշխատում են օտարերկրյա բիզնեսի հետ, ինչը պահանջում է արագ իրականացում եւ զարգացում, ինչպես նաեւ առավել արդի գործիքների եւ պրակտիկաների օգտագործում: Դրան նպաստում է նաեւ ՏՏ շուկայի առանցքային դերակատարների ժամանակակից մոտեցումը եւ բիզնես լուծումներ մատակարարողների կողմից առաջարկվող ամպային տեխնոլոգիաների եւ միկրոծառայության ճարտարապետությունների վրա հիմնված նախագծերի իրականացման գործում, որոնցում SAP-ը առաջատար դիրք է զբաղեցնում:

Համաճարակի ընթացքում մատակարարման շղթաների, հաճախորդի հետ կապի մեթոդների, պահանջարկի կառուցվածքի, առաջարկվող ծառայությունների տեսակների լուրջ վերափոխման ականատեսը դարձանք: Այս պայմաններում աճի հիմնական գործոնը մեր հաճախորդների կարողությունն է արագորեն հարմարեցնել իրենց բիզնես գործընթացները փոփոխվող շուկայական իրողություններին, արագորեն փորձարկել գնորդի հետ փոխգործակցության նոր մոտեցումներ եւ ավելացնել հասույթը՝ առաջին հերթին ժամանակակից ՏՏ տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

Ստարտափների էկոհամակարգը եւ երիտասարդական համայնքների հետ աշխատանքը, ինչպես նաեւ «Մինչեւ 2030թ. Հայաստանի թվային վերափոխման օրակարգը» ՏՀՏ ոլորտի զարգացման եւս մեկ շարժիչ են:

- 2010թ. դեկտեմբերին ԱՊՀ-ում SAP-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում SAP բիզնես լուծումների առաջնահերթ ոլորտներն են բանկային համակարգը, պետական հատվածը եւ լեռնահանքային արդյունաբերությունը: Արդյո՞ք նոր ի հայտ են եկել նոր ոլորտներ:

 - SAP-ը շարունակում է ակտիվորեն համագործակցել բանկերի հետ, որոնք ավանդաբար ամենազարգացած հատվածներից են տեխնոլոգիաների ներթափանցման տեսանկյունից, ինչպես նաեւ ռիթեյլը, որի հետ մենք այսօր նույնպես սերտորեն համագործակցում ենք։

Միեւնույն ժամանակ, մենք կիսվում ենք մեր լավագույն համաշխարհային պրակտիկաներով պետության, բիզնեսի եւ հասարակության միջեւ հարաբերությունների թվայնացմանն ուղղված նախագծերի իրականացման գործում, ինչը կարեւոր է Հայաստանում թվային վերափոխման օրակարգի իրականացման համար:

Բազմաթիվ հետաքրքիր լուծումներ եւ զարգացումներ կան նաեւ հանքարդյունաբերության ոլորտի համար, որը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկն է: Այս տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագործվում են ինչպես ռուսաստանյան, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից՝ թույլ տալով նրանց արդյունավետորեն կառուցել գործընթացները:

- 2021թ. հունիսի սկզբին հայտարարվեց SAP Startup Factory ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ BANA- ի (Business Angel Network of Armenia) հետ համագործակցությամբ եւ Եվրամիության աջակցությամբ: Որո՞նք են այս նախաձեռնության հիմնական նպատակները:

- BANA-ի SAP Startup Factory-ի գործարկման հիմնական նպատակն է ընտրել հնարավորինս շատ ստարտափներ եւ օգնել նրանց SAP Store-ի գործընկեր լուծումների գլոբալ մարքեթփլեյս մուտք գործել, ինչը հասանելի է դարձնում SAP հաճախորդների գլոբալ բազան:

Ալեքսեյ Պետունինը Ալեքսեյ Պետունինը
photo © SAP


BANA-ի SAP Startup Factory-ի աքսելերացիոն առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչեւ 10 ստարտափ: Ծրագիրը ստարտափների էկոհամակարգի զարգացման լավ օրինակ կդառնա ԱՊՀ այլ երկրների համար: Բացի այդ, նման նախագծերը նպաստում են թվայնացման փորձի եւ լավագույն պրակտիկաների փոխանակմանը, ինչն օգնում է պահպանել արտահանման ներուժը եւ զարգացնել մրցակցությունը:

- SAP Startup Factory-ի բացման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ նշվել էր, որ նախագիծը «թույլ կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանի ստարտափների կենտրոն»: Այս դեպքում ի՞նչ ենք հասկանում՝ «տարածաշրջան» ասելով:

- Ինչպես արդեն ասացի, Հայաստանն այսօր աշխարհի առաջատար նորարարական եւ բարձր տեխնոլոգիական երկրներից մեկն է, իսկական տեխնոլոգիական կենտրոն: SAP Startup Factory-ի նման նախաձեռնությունները լավ օրինակ են եւ մեկնարկային տարածք ԱՊՀ այլ երկրների համար՝ սկսնակ ընկերությունների հետ աշխատելու եւ միջազգային շուկաներ դուրս գալու համար:

- Կառավարության եւ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ ոլորտում ամենակարեւոր խնդիրը որակյալ կադրերի բացակայությունն է: Կարո՞ղ է SAP-ը ներգրավվել այս խնդրի լուծման մեջ:

- SAP-ն արդեն իսկ ակտիվ մասնակցություն ունի: 2017-ին Ռուս-Հայկական համալսարանը դարձավ ՀՀ առաջին համալսարանը, որը միացավ Համալսարանական դաշինքին: Children of Armenia Fund (COAF)-ի գյուղական բնակավայրերի զարգացման SMART նորարարական նախագծի հետ համատեղ գործարկվեց SAP Next-Gen Lab-ը՝ ուսանողների եւ ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների նորարարական կենտրոնը: Այս նախագիծը նախատեսված է Լոռու մարզի բնակիչների համար հասանելի դարձնել SAP լուծումները եւ կրթական նյութերը վիրտուալ իրականության, բլոկչեյն եւ IoT տեխնոլոգիաների ոլորտներում:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականից ի վեր Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում բացվել է 17 SAP Next-Gen Lab-ը: Մենք հասկանում ենք որակյալ կադրերի պատրաստման կարեւորությունը, ուստի ակտիվորեն զարգացնում ենք էկոհամակարգը՝ ներդրումներ կատարելով վերապատրաստման մեջ: Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի ավելի քան 135 համալսարաններ հնարավորություն ունեն կրթական նպատակներով անվճար օգտվելու SAP ծրագրերից:

Ալեքսեյ Պետունինը Ալեքսեյ Պետունինը
photo © SAP


Բացի այդ, անցյալ տարի մենք գործարկեցինք 3-4-րդ կուրսի բակալավրիատի կամ մագիստրատուրայի համար SAP S/4HANA Academy անվճար հիբրիդային ուսուցման ծրագիր՝ ՏՏ խորհրդատվության կարիերայով հետաքրքրված երիտասարդների համար:

Հեռավար ուսուցման ձեւաչափը հնարավորություն տվեց Ռուսաստանից եւ ԱՊՀ մի շարք երկրներից ուսանողներին ավարտել դասընթացը՝ ապահովելով 11 ժամային գոտիների ընդգրկում: Ընդհանուր առմամբ, SAP S/4HANA Academy ընդունվեցին 1 000 ունկնդիրներ 5 երկրներից, 33 քաղաքներից եւ 114 համալսարաններից, որոնց կեսից ավելին՝ 540 հոգին, հաջողությամբ ավարտեցին այն: Այս տարի մենք նախատեսում ենք գործարկել մեկ այլ SAP S/4HANA Academy, ինչպես նաեւ SAP ամպային լուծումների ակադեմիա: