Սերգեյ Ասատրյանը
15:40 | 02.06.21 | Հարցազրույցներ | exclusive 37925
Lucky Carrot-ը («Հաջողակ Գազարը») վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ է տալիս դրանք լուծելու համար։
Հարթակը նաեւ նպաստելով ընկերության մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը՝ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են գտնվում ընկերությունը լքելու ռիսկային գոտում և հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։ Lucky Carrot-ի նպատակն է ցանկացած ընկերություն դարձնել լավագույնը իր աշխատակիցների համար։
Հարթակի վերլուծական մասի և սպասվող նոր գործիքների մասին Itel.am-ը զրուցել է Lucky Carrot-ի համահիմնադիր Սերգեյ Ասատրյանի հետ։
- Այն, որ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն իրենց ուրույն դերն ունեն բիզնեսի զարգացմանը նպաստող որոշումների կայացման հարցում, այլևս գաղտնիք չէ։ Ինչպե՞ս է Lucky Carrot-ն օգնում ՄՌԿ մասնագետներին այդ հարցում։
- Այսօր, բոլոր ՄՌԿ մասնագետների կարևոր խնդիրներից մեկն է կազմակերպության ղեկավարին ներկայացնել օբյեկտիվ վերլուծական տվյալներ, որոնք կվերաբերեն ոչ միայն աշխատակիցների հետ կապված ֆինանսական գործընթացներին, այլ կներառեն հավաքագրումից մինչև տաղանդների ուսուցմանն ու զարգացմանը վերաբերող վերլուծական տվյալներ։ Ավելին, ՄՌԿ ռազմավարությունը պետք է հիմնված լինի վերլուծական տվյալների վրա, որն էլ կնպաստի բիզնեսում հենց այդ տվյալների վրա հիմնված (data-driven) որոշումների կայացմանը։
Իսկ Lucky Carrot-ը, լինելով աշխատակիցների ներգրավվածության հարթակ, իր հերթին խնդիր ունի ոլորտի մասնագետներին տրամադրել համապատասխան վերլուծական տվյալներ, որոնք կօգնեն աշխատակիցների զարգացումը հիմնավորել վերլուծական տվյալներով։
Լինելով արդեն երկու տարեկան, հասցրել ենք զարգացնել գործիքներ, որոնք օգնում են ՄՌԿ մասնագետներին չափել աշխատակիցների ներգրավվածությունն ու դուրս բերել խնդրահարույց մետրիկաները, ինչպես նաև՝ դուրս բերել ընկերության ինֆորմալ լիդերներին և այն աշխատակիցներին, որոնք դեմոտիվացված են և գտնվում են աշխատավայրը լքելու ռիսկային գոտում։ Հարթակը նաեւ թույլ կտա կանխատեսել աշխատակիցների հոսունությունը (խմբ.՝ որոշակի ժամանակահատվածում ազատված ու ընդունված աշխատողների հարաբերակցությունը), ինչպես նաև՝ հիմնվելով peer to peer recognition-ի վրա, նպաստել ընկերության կորպորատիվ մշակույթի ստեղծմանն ու պահմանմանը։
- Նշեցիք, որ Lucky Carrot-ը դուրս է բերում ընկերության ոչ ֆորմալ լիդերներին և կանխատեսում է աշխատակիցների հոսունությունը։ Ընկերության ղեկավարի, ինպես նաև ՄՌԿ մասնագետի համար հավանաբար ամենացավալի իրողություններից է, երբ աշխատակիցը լքում է ընկերությունը։ Ինչպե՞ս են «Հաջողակ գազարները» նպաստում այդ վերլուծական տվյալների հավաքագրմանը։
- Այդ վերլուծական տվյալները ծրագիրը ավտոմատ կերպով գեներացնում է peer-to-peer recognition-ի հիման վրա։
Ինչպե՞ս է գործնականում աշխատում։ Աշխատակիցները ընկերության կողմից ստանում են հավասար քանակի միավորներ՝ վիրտուալ գազարներ, որոնք կարող են օգտագործել միմյանց շնորհակալություն ասելու (Recognize անելու) նպատակով։
Յուրաքանչյուրի շնորհակալությունը (Recognition-ը) հիմնված է ընկերության արժեքներից մեկի վրա․ դրանք կարող են լինել՝ #որոշումների-կայացում, #խնդիրների-լուծում, #ինքնազարգացում և այլն, որոնք էլ իրենց հերթին դուրս են բերում ընկերության ոչ ֆորմալ լիդերներին։ Ոչ ֆորմալ լիդերները ընկերության հիմնաքար հանդիսացող աշխատակիցներն են։ Հենց նրանք են գտնվում ներքին հաղորդակցությունների կենտրոնում և ամբողջությամբ կրում են ընկերության արժեքները։ Իսկ արդեն աշխատակիցների միջև կապը ցույց տվող գրաֆիկան, որը նույնպես ձևավորվում է միմյանց շնորհակալություն ասելու գործընթացի վրա, դուրս է բերում ռիսկային գոտում գտնվող աշխատակիցներին, որոնք արդեն ներգրավված չեն և պատրաստվում են լքել կազմակերպությունը։
Ըստ մեր վերջին դուրս բերած օրինաչափության, այս աշխատակիցները ընկերությունում իրենց գտնվելու վերջին երկու-երեք ամիսների ընթացքում ավելի քիչ քանակի գազարներ են ստանում իրենց գործընկերներից։
Ծրագիրը վիզուալ կերպով առանձնացնում է ռիսկային գոտում գտնվող աշխատակիցներին, որոնց հետ հարկավոր է տետ-ա-տետ (One on One) հանդիպումներ կազմակերպել։