09:31 | 03.07.21 | Նորություններ | 2102
Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline) հայտնել է, որ Դավթաշենում ավարտել է NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց:
«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաեւ եզակի է աշխարհում եւ ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», - ասել է Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Nokia Fixed Networks ընկերության նախագահ Սենդի Մոթլին նշել է.
«Հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն եւ երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույն կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում եւ տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ»:
NGN ցանցը ստորգետնյա հուսալի եւ անվտանգ ճանապարհով հասնում է մինչեւ Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթել (dark fiber), որը անմիջապես կկապի բաժանորդի սարքերը ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար եւս ընտրվել են ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:
Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ:
«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ եւ կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլեւս այս խնդիրը չեն ունենա», - ասել է Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV եւ բջջային կապ: