17:12 | 29.06.21 | Հոդվածներ | exclusive 2836

«42 Երեւան»` ազատությունն է կրթական հաջողության գաղտնիքը

Թումո-ԵՄ նոր գործակցությունը հնարավորություն է տալիս անվճար սովորել կայքերի ստեղծումից մինչեւ կիբերանվտագություն, արհեստական բանականություն, տվյալագիտություն, համակարգչային գրաֆիկա, խաղերի ստեղծում եւ բազմաթիվ այլ ծրագրավորման գիտելիքներ։ Այն ՏՏ ոլորտում լուրջ հիմքեր դնելու եւ պահանջված մասնագետ դառնալու լավ հնարավորություն է։ Նախագիծը կոչվում է «42 Երեւան», կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ սկսած 18 տարեկանից։ Մեդիամաքսը մանրամասները պարզել է «42 Երեւանի» ղեկավար Հովհաննես Իսպիրյանի հետ։

«42 Երեւանը» Թումոյի մասն է

«42 Երեւանը» եւ Թումո լաբորատորիաները նույն՝ ԵՄ-Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի գլխավոր կրթական նախագծերն են: Դրանք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:

photo © «42 Երեւան»


«Թումոն զբաղվում էր մինչեւ 18 տարեկանների կրթությամբ, եւ 18-ից հետո կրթության հարցը բաց էր մնում՝ մարդն ուզում էր շարունակել զարգացումը, մասնագիտություն ընտրեր կամ փոխեր, բայց հնարավորություն չուներ։ Բացը լրացնելու համար որոշվեց իրականացնել այս նախագիծը՝ ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը», - հենց մուտքի մոտ, պատմելով, մեզ դեպի շենք է ուղեկցում «42 Երեւանի» հաղորդակցության թիմի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։

Ի՞նչ է «42 Երեւանը»

«42 Երեւանը» կրթական հարթակ է, որն ունի խաղային դիզայն եւ ինքուսուցողական պլատֆորմ։ Այստեղ ոչ ոք ոչ մեկին որեւէ բան չի սովորեցնում, ցանկացած գիտելիք ձեռք ես բերում ինքնուրույն եւ միայնակ՝ կատարելով գործնական առաջադրանքներ ու կատարելագործելով հմտություններդ՝ թիմային աշխատանք կատարելով:

photo © «42 Երեւան»


«42 Երեւանի» ուսումնական պլանն առաջարկում է ավելի քան 100 նախագիծ, եւ ուսանողներն անցնում են սովորելու 3 փուլ՝ հիմունքներ, մասնագիտացում եւ պրակտիկա։ Տեւողությունը մոտ 2 տարի է։

«Այս կրթական ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը հիմքն է՝ այստեղ շատ երկար աշխատում ենք ամուր հիմքեր կառուցելու ուղղությամբ։ Մեր նպատակն արագ ինչ-որ բան սովորեցնելը չէ: Աշխարհն այսօր պահանջում է այլընտրանքային, յուրահատուկ մտածելակերպ, որը մեկ օրում մարդուն չես կարող սովորեցնել։

photo © «42 Երեւան»


Մեր լաբորատորիայում կրթական խնդրի էությունը ինքնուրույն փնտրել-կարդալ-սովորելն է, պատշաճ գործիքակազմ կիրառելու ունակությունը եւ մեծ հաշվով՝ այստեղ գլխավորը ինքնակրթվելն է։ Մենք նախ եւ առաջ սովորեցնում ենք՝ ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու հմտությունը», - բացատրում է «42 Երեւանի» ղեկավար Հովհաննես Իսպիրյանը։

Հովհաննես Իսպիրյանը Հովհաննես Իսպիրյանը
photo © Մեդիամաքս


Ըստ նրա, ավանդական կրթական համակարգը ենթադրում է կրթական էտալոններ գտնելու եւ նրանց օրինակին հետեւելով՝ կրթվելու մոդելը։

Սակայն նախ եւ առաջ, հարկավոր է պրպտել ներաշխարհն ու հասկանալ՝  ի՞նչ պետք է սովորել եւ ինչպե՞ս։

Ծրագիրը կազմել են ՏՏ ոլորտի էնտուզիաստները, որոնք էլ ծրագիրը շարունակ թարմացնում են, անփոփոխ է մնում միայն առաջադրանքների քանակը։

photo © Մեդիամաքս


«Առաջին կրթական տարին պարունակում է 25 առաջադրանք, որոնք անընդհատ թարմացնում ենք։ Կրթությունը սկսում ենք C լեզվից, որը ծրագրավորման բոլոր լեզուների հիմքն է եւ միշտ արդիական է։ Բայց այստեղ բացակայում է տեսական գիտելիքը՝ միանգամից տրվում է գործնական առաջադրանք եւ դու սկսում ես կարգավորումների գործողություններ ստեղծել։ Եթե ավելի պարզ՝ սա նույնն է, որ գնաս կավագործության, քեզ տան նյութերն ու ասեն՝ սկսիր աշխատել։

photo © Մեդիամաքս


«42 Երեւանում» մենք ոչինչ չենք սովորեցնում, տրամադրում ենք բարդ ծրագիր, 24-ժամյա լավ միջավայր, որտեղ կարելի է սովորել` ընտրելով քեզ հարմար ժամը։ Այստեղ ձեւավորված է ընկերը ընկերոջը՝ peer-to-peer (P2P) կրթական մոդելը, այսինքն՝ հարցեր ունե՞ս, դիմիր ընկերոջդ օգնությանը»։

Ոչ ստանդարտ կրթական մոդելը

«42 Երեւանի» կրթական ծրագիրն ավարտելուց հետո պարտադիր է պրակտիկայի հաճախելը, նույնիսկ եթե մեծ աշխատանքային փորձ ունեցող ծրագրավորող ես։

Հովհաննես Իսպիրյանը Հովհաննես Իսպիրյանը
photo © Մեդիամաքս


Դասընթացների ավարտին տրվում է հմտությունների քարտեզ՝ ի՞նչ ես սովորել եւ ինչպե՞ս, պորտֆոլիո, ավարտական վկայական եւ նախագծերի փաթեթը, որոնք իրականացրել ես տարբեր ընկերությունների հետ։

Հովհաննես Իսպիրյանի բնութագրմամբ, «42 Երեւանում» կարեւորն ազատությունն է, որովհետեւ դպրոցը հիմնադրել են մարդիկ, որոնք անցել են կյանքի տարբեր փուլերով ու եզրահանգել՝ ազատությունն է կրթական հաջողության գաղտնիքը։

Հովհաննես Իսպիրյանը Հովհաննես Իսպիրյանը
photo © Մեդիամաքս


«42 Երեւանը» բաց է 24 ժամ, ուսանողը կարող է գալ ու գնալ, երբ ուզում է։ Այս պահին ընդունվել է 160 մարդ, որոնք ունեն ամենատարբեր մասնագիտություններ կամ առհասարակ որեւէ մասնագիտացում չունեն։ Նրանցից ամենակրտսերը 18 տարեկան է, ամենամեծը՝ 40։ Հաջորդ ընդունելության փուլը մեկնարկելու է աշնանը եւ դասերը սկսվելու են 2022-ի հունվարից», - ասում է Հովհաննեսը։

Նոր ու գերժամանակակից շենք կլինի

Թումոյի շենքի հարեւանությամբ շուտով կսկսեն փորվել ԵՄ Թումո համալիրի նոր շենքի հիմքերը։ Շենքի ճարտարապետության նախագծման իրավունքը մրցույթով շահել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետական ընկերություններից MVRDV-ը։

photo © «42 Երեւան»


«Թումոն շատ է կենտրոնանում ճարտարապետության վրա եւ երբ նոր շենքի նախագծման մրցույթ հայտարարվեց, մասնակցեցին ամբողջ աշխարհի լավագույն, ամենաբարձր մրցանակներ ունեցող ճարտարապետները։ Հաղթեց MVRDV-ն, որը ֆանտաստիկ դիզայներական ընկերություն է։ Շուտով կհանրայցնենք նաեւ նոր շենքի դիզայնը»- պատմում է Աշոտը։

Ինչո՞ւ «42» եւ ինչպե՞ս ընդունվել

Անվան հիմքում բրիտանացի գրող Դագլաս Ադամսի «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» գիտաֆանտաստիկ գիրքն է, որտեղ 42 թիվը «կյանքի, տիեզերքի եւ ամեն ինչի պատասխանն է»:

photo © «42 Երեւան»


«42 Երեւանում» սովորելու համար նախ պետք է գրանցվել 42yerevan.am-ի կայքում ու անցնել տրամաբանությունն ու հիշողությունը ստուգող օնլայն խաղ։ Եթե հաջողեք խաղը խաղալ, որը ոչ այդքան համակարգչային գիտելիքների հետ է կապված, որքան տրամաբանության, ապա համարեք որ առաջին հաջողությունը գրանցել եք։

Հաջորդ քայլով սկսվում է մեկ ամիս տեւող դասընթացը՝ ծրագրավորման հետ ծանոթացումը, որը կոչվում է Ավազանի փուլ։ Ուսման բոլոր փուլերը կարող եք հաղթահարել մոտ 2 տարում եւ վերջնական՝ պրակտիկան անցնելուց հետո՝ անցնել աշխատանքի։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի