Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորողներով չի սահմանափակվում, ու այստեղ բոլորը չէ, որ ունեն տեխնիկական կրթություն: Ծրագրավորման ցանկացած ընկերություն կարիք ունի նաեւ այլ մասնագետների, որոնք ապահովում են ընթացիկ կարեւոր գործերն ու ընկերության զարգացումը:
Itel.am-ը որոշել է բացահայտել ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ ոչ ՏՏ մասնագետներին ու հետաքրքրվել նրանց աշխատանքի մանրամասներով:
24-ամյա Արփի Ջանյանը Vineti թվային տեխնոլոգիաների ընկերության սքրամ մասթերն է: ՏՏ ոլորտում Արփին աշխատում է արդեն երեք տարի, մասնագիտությամբ նախագծերի ղեկավար է:
Ի սկզբանե՝ մարքեթոլոգ
Ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժինը՝ մարքեթինգի մասնագիտացմամբ:
Հենց ուսանողական տարիներից որպես մարքեթոլոգ սկսել եմ աշխատել տարբեր ոլորտներում՝ գինեգործականից մինչեւ ինժեներական ընկերություն: Երբ արդեն խորապես ծանոթացա ինժեներական ոլորտին ու «թեք» աշխարհին, աստիճանաբար հետաքրքրություններիս շրջանակը փոխվեց: Ու քանի որ կրթությամբ էլ բիզնեսի կառավարման փորձ ունեի, սկսեցի հետաքրքրվել մասնավորապես՝ ՏՏ ոլորտում նախագծերի կառավարման աշխատանքով (IT Project Management):
Կամաց-կամաց
Մոտ մեկ տարի եմ աշխատել ինժեներական ընկերությունում, իսկ գինեգործարանի մարքեթինգի աշխատանքը մինչեւ հիմա զուգահեռ շարունակում եմ:
Ոլորտների փոփոխության պահը շատ լավ եմ հիշում, որովհետեւ այն հենց ինժեներական ընկերությունից սկսվեց, երբ ավելի խորապես սկսեցի ներգրավված լինել ինժեներական նախագծերի կառավարման գործում: Զգում էի, որ դա ինձ շատ է դուր գալիս, ու ժամերով նստում, ինժեներական նյութեր եմ կարդում, օրինակ, հոսքագծերի մասին:
Հատկապես ինժեներական ոլորտում աղջիկները շատ քիչ են, ու շատերին էր տարօրինակ թվում, թե ես որտեղից եմ թվերով տարբերում «կլուչների» չափսերը, ինչու գիտեմ՝ փոշեներկումը ինչ է կամ որոնք են ալյումինի տեսակները ըստ ГОСТ-ի… Բայց դա ինձ իրոք հետաքրքրում էր ու ինձ համար շատ անգամ տարօրինակ էր, որ ուրիշների համար այդ ամենը տարօրինակ է:
Ե՛ւ գործով, ե՛ւ բնավորությամբ
Ինժեներական ոլորտն ուսումնասիրելուց հետո սկսեցի ուսումնասիրել նախագծերի կառավարում մասնագիտությունը, համալսարանում եւս մենեջմենթը բավականին խորապես ուսումնասիրել էի:
Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս
Բացի այդ, բնավորությունս համապատասխանում է այս մասնագիտությանը. ես միշտ էլ կենցաղային հարցերին նայել եմ մենեջմենթի տեսանկյունից՝ ամեն ինչը դասակարգել, ճիշտ պլանավորել, իրականացմանը հետեւել, հետադարձ հայացքով նայել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին էր, ինչը կարելի էր փոխել:
Ինժեներական ընկերության առանձնահատկությունն այն է, որ այդտեղ մեծ պլանավորումը հենց ամենասկզբից է արվում, ու նախագծի սահմանները հստակ ամբողջությամբ պլանավորվում են: Իսկ ինձ ավելի շատ դուր էր գալիս «agile» (ճկուն) մոդելը, որտեղ պլանավորումը ժամանակահատվածներով է կատարվում: Քանի որ այդ ճկուն մոդելը նպատակահարմար չէ կիրառել ինժեներական նախագծերում, աստիճանաբար ուղղվեցի դեպի ծրագրային ապահովում ու ընդունվեցի աշխատանքի ՏՏ ոլորտում գործող ընկերություններից մեկում:
Նախագիծն ամենուր էԻսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը. մենք ցանկացած պահի մեր կյանքում ինչ-որ նախագծի մեջ ներգրավված ենք, դա լինի ճաշ եփել, տուն գնել կամ վերանորոգել. շատերն էլ աշխատանքային նախագծերի մեջ են ներգրավված: Փաստացի այս մասնագիտությունը՝ նախագծի նպատակը քոնը դարձնելն է, ռեսուրսները ճիշտ կառավարելն ու ճիշտ հմտությունների կիրառման միջոցով այդ նպատակին հասնելն է:
Հաջորդ հարցը, որ միշտ առաջանում է այս մասնագիտության շուրջ այն է, թե արդյոք նախագծերի ղեկավարը պետք է տեխնիկական կրթություն ունենա: Պատասխանը 50/50 է. կարող ես չունենալ, բայց պետք է պատրաստ լինել սովորելու, որովհետեւ գործի մեջ տեխնիկական գիտելիքները շատ անհրաժեշտ են լինելու, ու պետք է բաց լինել դրանցից չվախենալու եւ սովորելու համար: Ես նման դժվարությունները միշտ որպես մարտահրավեր եմ ընդունել ու փորձել եմ բնականոն հաղթահարել:
Շատերն էլ հարցնում են՝ արդյո՞ք պետք է ծրագրավորման որեւէ լեզու կամ որակի ապահովում սովորել: Ինձ համար բոլոր տարբերակներն էլ ընդունելի են. եթե հետաքրքրում է, ինչո՞ւ չսովորել, բայց պարտադիր չէ:
ԿարծրատիպերըՆկատել եմ նաեւ մեկ այլ միտում այս ոլորտով հետաքրքրվող մարդկանց շրջանում:
Ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը շատերի մոտ առաջանում է այն սկզբունքով, որ իմանում են՝ հարեւանի քրոջ տալը ծրագրավորող է ու շատ փող է աշխատում, իրենք էլ են ուզում դրանով զբաղվել: Իրականում սա էլ է տարբերակ. ամեն մարդ տարբեր մոտիվացիա ունի, բայց այն ինձ համար այդքան էլ լավ մոտիվացիա չէ, քանի որ եթե քեզ չի հետաքրքրում ոլորտն ու աշխատանքը, դժվար է լինելու սովորելը:
Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս
Շատերն էլ կարծում են՝ հենց հայտնվեն այս ոլորտում, միանգամից լիքը գումար են աշխատելու, շատ նման է այն կարծրատիպին, երբ ասում են՝ գնում ես Ամերիկա ու միանգամից փող ես աշխատում:
Ոչ թե կառավարող, այլ ծառայող2020 թվականի հոկտեմբերից աշխատում եմ Vineti ընկերությունում: Vineti-ին թվային տեխնոլոգիաների կազմակերպություն է առողջապահության ոլորտում, որը տրամադրում է ծրագրային ապահովում անհատական բուժմամբ զբաղվող առողջապահական կազմակերպություններին եւ հիվանդանոցներին: Vineti-ին հիմնադրվել է 2016 թվականին ԱՄՆ-ում, Հայաստանում իր մասնաճյուղը հիմնել է 2017-ին:
Այստեղ ես աշխատում եմ որպես սքրամ մասթեր, օգնում եմ թիմին ժամանակի ընթացքում ավելի լավը դառնալ, ինքնակազմակերպվել եւ հասնել նպատակներին: Միջոցները տարբեր են՝ քոուչինգ, անհատական շփում, աշխատանքային գործընթացների ճիշտ հիմնում ու կառավարում, նախագծերի նպատակների ճիշտ հասկանալու եւ փոխանցելու կարողություն:
Այս մասնագետը համարվում է servant leader (ծառայող առաջնորդ), այսինքն՝ ոչ թե կառավարող, այլ ավելի շատ ծառայող ղեկավար:
Ամեն ինչից՝ մի քիչՆախագծերի ղեկավարի աշխատանքի առանձնահատկությունն ինձ համար կայանում է նրանում, որ ճիշտ բալանսավորում կա. դու տեխնիկական շատ բան ես սովորում, բայց ամբողջապես տեխնիկական մասնագետ չես: Այստեղ բալանսավորված է նաեւ մարդկանց հետ շփումը, թիմերի հետ աշխատանքը. սա ինձ համար իդեալական համադրություն է:
Ինձ նաեւ գրավում է այն, որ աշխատանքի ընթացքում սովորածս հմտությունները ես կարողանում են կիրառել կյանքի կենցաղային հարցերում՝ մարդկանց հետ ճիշտ շփվել, կոնֆլիկտային եզրեր գտնել, կոնֆլիկտային իրավիճակներից ճիշտ դուրս գալ:
Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս
Բացի այդ, ինձ շատ հետաքրքիր է ծրագրավորողների հետ աշխատելը, որովհետեւ ամեն օր շփվում եմ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ունեն շատ տարբերվող աշխարհայացք (ինչքան էլ, որ առաջին հայացքից այդպես չի թվում):
Պարտադիր չէՏՏ ոլորտում մասնագիտությունները շատ տարբեր են, ու պարտադիր չէ միայն տեխնիկական կրթություն ունենալ այստեղ աշխատելու համար, կարելի է սկսել այն գործից, որը հենց քեզ է հետաքրքրում: Ինձ, օրինակ, շատ հետաքրքրում էր մարքեթինգը, ուստի այդ մասնագիտությամբ սկսեցի աշխատել ինժեներական ընկերությունում, որտեղից էլ ուղղությունը փոխվեց դեպի ծրագրային ապահովում:
Արփի Ջանյանը
photo © Մեդիամաքս
Հիմա նաեւ շատ մասնագիտական դասընթացներ կան, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակում, բայց ինչ-որ գաղափար կազմել տվյալ մասնագիտությունից: Ինչից հետո արդեն ամեն ինչ անհատից ու իր սովորելու պատրաստակամությունից է կախված, թե որքանով լիարժեք ձեռք կբերի նա այդ մասնագիտությունը:
Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի