14:38 | 08.06.21 | Նորություններ | 13269

Հայաստանում կստեղծվի SAP Startup Factory

Հունիսի 8-ին գերմանական SAP ընկերությունը եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարել են համագործակցության մասին՝ միտված Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի հիմնադրմանը:

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  միջազգային համագործակցության ընկերությունը:

BANA-ի կողմից SAP Startup Factory-ն իր գործունեությունը կսկսի կայացած ստարտափերի աքսելերացիայի առաջին փուլի իրականացմամբ՝ ներգրավելով մինչեւ 10 ստարտափ: Զուգահեռաբար կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ՝  նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:


«SAP-ը ստարտափերի հետ համագործակցության մեծ փորձ ունի եւ հաջողությամբ օգնում է ընկերություններին մուտք գործել միջազգային շուկա: Մենք կարող ենք աջակցել մեր տեխնոլոգիաներով ու նորարարական զարգացումներին վերաբերող գիտելիքներով: Թվային համայնքում փորձի փոխանակումը եւ լավագույն գործելակերպով կիսվելը նպաստում է թե´ մրցակցության զարգացմանը, թե´ ընկերությունների  արտահանման ներուժի պահպանմանը: Համոզված եմ, որ SAP ստարտափ ֆաբրիկան խթան կհանդիսանա Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման համար», - նշել է ԱՊՀ երկրների գծով SAP գործադիր տնօրեն Ալեքսեյ Պետունինը: