16:33 | 27.05.21 | Նորություններ | 9233

Ucom Digital Lab-ի սաները շարունակում են բարձրակարգ տեխնիկական կրթություն ստանալ

Շուրջ երեք տարի է, ինչ «Այբ» դպրոցում Ucom-ի աջակցությամբ գործում է Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ-լաբորատորիան: Այն նախատեսված է դպրոցի 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր սենյակ-լաբորատորիայում հնարավորություն ունեն հմտանալու արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մեջ, սովորելու ծրագրավորում, համադրելու համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ:

«Որպես նորարար ընկերություն՝ մենք միշտ ջանացել ենք Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում պայմաններ ու հնարավորություններ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների միջոցով որակյալ եւ բարձրակարգ կրթության ապահովման համար: Այսօր արդեն հստակ տեսնում ենք Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի սաների առաջընթացը եւ մի քանի տարվա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Ucom ընկերության շնորհիվ «Այբ» դպրոցին ընձեռվեց  հնարավորություն անցկացնելու «ինֆորմատիկա» առարկայի  դասերն առավելագույն արդյունավետ կերպով` օգտվելով ժամանակակից համակարգիչներից: Բացի հիմնական ուսումնական ծրագրերից (MS Word, MS Excel, Power Point)՝ մեր սաները հնարավորություն ունեն իրականացնելու ստեղծագործական նախագծեր` օգտվելով ինչպես պարզ ծրագրերից, օրինակ՝ Paint, Scratch, Typing, այնպես էլ ծրագրավորման լեզուներից՝ HTML, Javascript եւ այլն»,- ասել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը։

Բացի դրանից, Ucom Lab-ի օգնությամբ դպրոցում իրականացվում է նախագծային ուսումնառություն, երբ «ինֆորմատիկա» առարկան ներառվում է այլ առարկաների նախագծային աշխատանքների մեջ, եւ արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, որոնք կիրառելի են դառնում հետագա սերունդների համար: Օրինակ՝ «մայրենի» եւ «կերպարվեստ» առարկաների դասերին օգտվելով Scratch ծրագրից՝ «Այբ» տարրական դպրոցի սաները ստեղծում են առակներ, որոնք դառնում են ուսումնական նյութ հաջորդող սերունդների համար:

«Ուրախալի է եւ ոգեւորիչ այն փաստը, որ Ucom Lab-ը կիրառվում է ոչ միայն  որպես ինֆորմատիկայի դասասենյակ, այլեւ մի վայր, որտեղ յուրաքանչյուր առարկայական ուսուցիչ կարող է արդյունավետ դաս անցկացնել՝ օգտվելով ժամանակակից համակարգիչներից»,- նշել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը:

Այս նախագծի նպատակը մասնագիտական զարգացում եւ այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման ու շփումների հետաքրքիր ու պահանջված ձեւեր ապահովելն է: Նախագիծը կրթական է եւ որեւէ շահույթ չի հետապնդում: