12:59 | 25.05.21 | Նորություններ | 1454

Հայաստանում մշակված «Ծրագրային անվտանգության հիմունքներ» անվճար առցանց դասընթացն արդեն հասանելի է

Հայաստանում առաջին անգամ մշակվել է «Ծրագրային անվտանգության հիմունքներ» զանգվածային բաց առցանց դասընթացը, որն ամբողջովին անվճար է:

15 տեսադասից եւ 48 quiz-երից կազմված դասընթացը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում՝ ՀՌՀ համակարգային ծրագրավորման ամբիոնի աջակցությամբ:  
 
Արդեն 350-ից ավելի գրանցված ուսանող ունեցող դասընթացը շարունակում է նոր մասնակիցներ ներգրավել: Դասընթացին կարելի է գրանցվել այստեղ:

Դասընթացը վարում է Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, PicsArt ընկերության ինժեներական թիմի ղեկավար Վահագն Վարդանյանը: Մասնակիցները կուսումնասիրեն այն հայտնի եւ վտանգավոր սխալները, որոնք հաճախ թույլ են տալիս ծրագրավորողները։ Այդպիսի սխալները հնարավորություն են տալիս կատարել հարձակումներ ծրագրային համակարգերի վրա՝ խաթարելով նրանց աշխատանքը, գողանալ անձնական եւ կորպորատիվ տվյալներ, ներդնել եւ տարածել վնասակար կոդ։

Փորձը ցույց է տալիս, որ շատ ծրագրավորողներ տեղյակ չեն բոլոր ռիսկերից եւ վտանգներից, որոնք կարող են առաջանալ ծրագրային սխալների հետեւանքով։
Դասընթացը կօգնի ծրագրավորողներին բարելավել իրենց մշակած համակարգերի անվտանգությունը՝ ներդնելով անվտանգ ծրագրավորման հմտություններ ու գործիքակազմ ծրագրերի ստեղծման բոլոր փուլերում:

Դասընթացի ընթացքում նաեւ անդրադարձ կկատարվի այդպիսի սխալների առաջացման պատճառներին, կկազմակերպվեն հարձակումներ փորձնական ծրագրերի վրա եւ կուսումնասիրվեն ծրագրերը այդպիսի հարձակումներից պաշտպանելու եղանակները։

«Որոշեցինք փորձել կրթությունը ավելի մասշտաբային դարձնելու այս մոդելը՝ հատկապես անվտանգության ոլորտի ուսանողների համար։ Դասընթացի բոլոր նյութերն արդեն տեղադրված են հարթակում, եւ ուսանողը պետք է իրեն հարմար ժամի ուսումնասիրի դրանք ու  հետո անցնի դասերի վերջում տեղադրված թեստերը։ Ունենք նաեւ առցանց շփման հարթակ, որտեղ հավաքված են ուսանողները եւ դասախոսը. այն ուսանողները, որոնք ունեն հարցեր, կարող են ցանկացած ժամի կապ հաստատել դասախոսի հետ։ Արդյունքում՝ ձեւավորվել է նաեւ շատ լավ համայնք։ Բոլոր նրանք, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստերը եւ վերջնական քննությունը, կստանան վկայագրեր»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «CyHub Armenia» ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանը:

«CyHub Armenia» նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի եւ ՀՀ Կառավարության աջակցությամբ, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ ԵրՄՄԳՀԻ-ի հետ համատեղ։