18:01 | 24.05.21 | Նորություններ | 1393

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացավ «Լեգոստարտ 2021» մրցույթը

Մայիսի 23-ին «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ առաջին անգամ անցկացվեց «Լեգոստարտ 2021» մրցույթը։

Մրցույթի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, որը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։    

«Լեգոստարտ 2021»-ը ուղղված էր ռոբոտաշինության ասպարեզում առաջին քայլերն անող թիմերի հմտությունների, կարողությունների եւ գիտելիքների զարգացմանը եւ խորացմանը, որպեսզի նրանք հետագայում կարողանան վստահորեն մասնակցել «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա» միջազգային մրցաշարին։    

Այս տարի «Լեգսոտարտ»-ը ուներ թեմատիկ ուղղվածություն․ թիմերը մրցեցին այնպիսի խնդիրների շուրջ, որոնց լուծումները միտված են համավարակի եւ բնական աղետների հետեւանքների հաղթահարմանը։

Մրցույթին մասնակցեց 11 թիմ Երեւանից եւ ՀՀ մարզերից։ Տարիքային խմբերում  «Լեգոստարտ 2021» մրցույթի հաղթողներ ճանաչվեցին մասնակից հետեւյալ թիմերը՝

«ՆԱՎ» - տարրական տարիքային խումբ (Դիլիջան)
«Գազպրոմ 4» -կրտսեր տարիքային խումբ (Երեւան)
«Մուշ» - ավագ տարիքային խումբ (Գյումրի)

Մասնակից թիմերից 3-ին «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը նախապես տրամադրել էր Lego Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ, որոնցից 2-ը դարձան մրցույթի հաղթողներ։

«Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի եւս աջակիցն ենք այսպիսի հրաշալի ծրագրի։ Կարծում եմ, որ «Լեգոստարտը» շատ մեծ հնարավորություն կտա սկսնակ թիմերին հմտանալ եւ առաջիկայում մասնակցել ավելի պրոֆեսիոնալ մրցույթների՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային մրցաշարին եւ, ինչու ոչ, նաեւ՝ միջազգային փուլին։ Հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին՝ հետագա ձեռքբերումների ճանապարհին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունը աջակցել է նաեւ Creative Educational Technologies-ի կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացի իրականացմանը, որի նպատակն է սկսնակ թիմերի մարզիչների հմտությունների զարգացումը։

««Լեգոստարտ» անդրանիկ մրցույթը մեզ համար կարեւոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ ենք փորձարկում այս ձեւաչափը լեգոն եւ ռոբոտաշինությունը սիրող էնտուզիաստների համար, ովքեր առաջին քայլերն են անում այս ոլորտում, եւ ես անչափ շնորհակալ եմ մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերությանը, որը շարունակաբար աջակցում է ռոբոտաշինության զարգացմանը Հայաստանում։ Հենց «Ռոստելեկոմ»-ի մեր գործընկերների հետ համագործակցությամբ մենք եկանք այն եզրակացությանը, որ պետք է ստեղծենք մի նախնական հարթակ, որտեղ հնարավորություն ենք տալու սկսնակ թիմերին իրենց ուժերը փորձել ռոբոտաշինության մեջ եւ հետագայում ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումներ ունենալ»,-նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

«Լեգոստարտ 2021»-ի թիմերը լավ հնարավորություն ունեն մասնակցելու հուլիսին կայանալիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին։