Գուրգեն Խաչատրյանը
00:18 | 18.05.21 | Նորություններ | 9834
Ներկայացնում ենք Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հոդվածը։
Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունը օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլեւ կարագացնի ժամանակը:
Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ կոնտենտ, քան միջնադարում մի ամբողջ կյանքի ընթացքում: Առողջությունից, գնումներից, ֆինանսներից մինչեւ կրթություն ու շփում. ամեն ինչ արվում է հեռախոսով, ինչի արդյունքում տելեկոմ ոլորտը կանգնած է պատմության ամենաբարդ եւ պատմականորեն ամենամեծ հնարավորությունների ժամանակահատվածում:
1. Հայկական տելեկոմի մարտահրավերները. հետեւանքները զգալու են բոլորը
Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության միջազգային օրն է, եւ, օգտագործելով առիթը, ցանկանում եմ խոսել Հայաստանում տելեկոմ ոլորտի ապագային մասին` խնդիրների ու մարտահրավերների ցուցակագրմամբ: Այսօր մեր երկիրը կանգնած է ոլորտի ենթակառուցվածքների եւ ինֆորմացիոն անվտանգության լրջագույն մարտահրավերների առջեւ: Բավական է միայն հիշատակել, որ բոլորովին վերջերս երկիրը սնունոցող հիմնական ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ բարձրացրել են ազգային անվտանգության ռիսկերը:
Հայաստանում տելեկոմ ոլորտի համար նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, շուկայի ծավալների սահմանափակումը, ռեգիոնալ անվտանգության ապահովման եւ պետական ոլորտային քաղաքականության մասնատվածությունը տանում են ոլորտը թուլացման, իսկ հետեւանքները զգալու ենք բոլորս` ես, դուք, մեր ընտանիքները, մեր պետությունն իր սուվերենիտետով: Ուրեմն ինչ անել:
2. Ինչպես սկսեց տելեկոմի զարգացումը Հայաստանում
Հայաստանի տելեկոմ շուկան ազատականացումից ու Vivacell-ի մուտքից հետո ակտիվ զարգացում է ապրել: Իսկ 2009թ.-ին շուկա մուտք գործեցին երկու նոր ու ինովատիվ խաղացողներ. Orange Հայաստանը բջջային կապի ոլորտում եւ Ucom-ը ինտերնետային կապի ու IP հեռուստատեսության ոլորտում: Այս երկու օպերատորների ինտենսիվ ներդրումները, որոնք տարբեր հաշվարկներով գերազանցեցին 400 միլիոն դոլարը, հանգեցրեց այդ շուկաներում ծառայությունների որակի էական բարելավման եւ գների զգալի նվազման` նպաստելով կապի ծառայություների լայն տարածմանը Հայաստանում:
Բավական է միայն հիշել, որ երբ մենք Ucom-ով նոր էինք շուկա մտնում, ինտերնետի տարածվածությունը Հայաստանում չէր գերազանցում 5%-ը: Այսօր` 2021թ. դրությամբ, առկա են 3,78մլն բջջային կապի բաժանորդներ (բնակչության 127.4%) եւ 2,2մլն ինտերնետային կապից օգտվող բաժանորդներ (բնակչության 68.2%):
3. Ինչպես վերափոխվեց տելեկոմը. զանգերի ու SMS-ի վերջը
Հայաստանում մոբայլ շուկան սկսեց նահանջ ապրել գլոբալ թրենդերին համահունչ: Վերջին հնգամյակում տելեկոմ ոլորտի ավանդական եկամտի աղբյուրը հանդիսացող բաժանորդային զանգերը եւ SMS-ները իրենց տեղը զիջեցին ինտերնետային կապ օգտագործող զանգի եւ շփման հավելվածներին (Whatsapp, Viber, Messanger, Telegram, Signal):
Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ մեծացավ թվային կոնտենտի օգտագործումը բաժանորդների կողմից: 2021թ դրությամբ ՀՀ-ում առկա է սոցիալական ցանցերի 1,8 մլն ակտիվ օգտատերեր (բնակչության 60.7%), որոնցից 1,76 մլն (97.5%) մուտք են գործում սոց. ցանցեր բջջային հեռախոսի միջոցով: Արդյունքում, ինտերնետային տրաֆիկի օգտագործման ծավալները աննախադեպ մեծացել են, ինչը ստիպում է օպերատորներին կատարել նորանոր ներդրումներ ցանցի թողունակության ընդլայնման համար:
4. Փրկության մոդելը. ինչու են կոնսոլիդացիաներն այդքան կարեւոր
Տելեկոմը ինտենսիվ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է` ներդրումների վերադարձելիության տեսանկյունից (ROI) անթույլատրելի ցածր ցուցանիշներով: Իսկ Հայաստանի պարագայում մեծ ռիսկայնությունը հանգեցնում է նաեւ բարձր կապիտալի կշռված միջին արժեքի (WACC) եւ, որպես արդյունք, շահութաբերության ցածր ցուցանիշների: Այլ կերպ ասած, ոլորտը թրենդային է ու երազանքի աշխատանք երիտասարդ պրոֆեսիոնալների համար, սակայն այն լուրջ գլուխկոտրուկ է կառավարման տեսանկյունից:
Ոլորտի կայունության եւ բիզնես շարունակականության ապահովման համար ներկայումս աշխարհում կարգավորման տարբեր մոդելներ կան, որոնցից երկու հիմնականը մեր տարածաշրջանում իրագործելի է: Առաջինը դա ռեգուլյատորի խիստ վերահսկողության նորքո գործող ոլորտային առանձնացված ենթակառուցվածքների օպերատորի մոդելն է, որը «fair-play»-ի սկզբունքով վարձակալության է հանձնում իր ցանցը լիցենզավորված կապի օպերատորներին: Վերջիններս «վաճառում են» ինտերնետ, մոբայլ ծառայություններ, TV, կոնտենտ, եւ այլն: Ընդ որում, ենթակառուցվածքների օպերատորը կարող է լինել եւ մասնավոր, եւ մասնավոր-պետական համագործակցությամբ (PPP):
Սահմանափակ բաժանորդային բազայով փոքր մրցակցային շուկաներում գերակայում է երկրորդ` «կոնսոլիդացիաների» մոդելը: Ի վերջո, եթե հնարավոր չէ վարձակալել տելեկոմ ցանց, գոնե միավորմամբ կարելի է բիզնես կայունություն բերել շուկայում` ցանցի ներդրման կապիտալ ծախսերի (CapEx) եւ սպասարկման օպերացիոն ծախսերի կրճատմամբ (OpEx): Կոնսոլիդացիաները հնարավորություն են ընձեռում բացառել մի քամի զուգահեռ ենթակառուցվածքների շինարարությունը: Զուգահեռներ տանելով, պատկերացրեք՝ ինչպիսի ներդրումների փոշիացում կլիներ, եթե Երեւանում ջրամատակարարման օպերատորները լինեին մի քանիսը եւ յուրաքանչյուրը կառուցեր եւ սպասարկեր իր սեփական ջրամատակարարման ցանցը: Հետեաբար կոնսոլիդացիան բերում է ներդրումների արդյունավետության բարձրացման, ներդրումային ցիկլի (ետգնման ժամկետների) կրճատման եւ ծառայությունների ինքնարժեքի նվազման: Այս ամենի արդյունքում բաժանորդներին շարունակաբար` տարեց տարի տրամադրվում է առավել արդիական եւ նորարար ծառայություններ առավել մատչելի գներով:
Կառավարման խորհրդատվության ոլորտում հայտնի «Capital Confidence Barometer»-ի տվյալներով միայն 2017թ.-ին տելեկոմների կոնսոլիդացիաների (M&A) արդյունքում հրապարակված գործարքների թիվը գերազանցել է 117 միլիարդ դոլարը: ԱՊՀ տարածքում միավորումները գերազանցում են մեկ տասնյակը: Իսկ ներկայումս, հատկապես պանդեմիայից հետո, ըստ EY-ի զեկույցի, տելեկոմի գլոբալ խաղացողների 59%-ը դիտարկում է միավորման որեւէ տարբերակ (ընդ որում, 45%-ը մեկ այլ տելեկոմ օպերատորի հետ եւ 52%-ը այլ ոլորտային խաղացողի հետ, ներառյալ բանկեր ու մեդիաներ):
5. Ոլորտի կենսունակության մեծ ռիսկայնություն անկեղծության բարձր մակարդակում
Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա դստերս հետ, ով շուտով ավագ դպրոցի տարիքին կլինի: Մենք խոսում էինք ապագայի մասնագիտություններից եւ այն մասին, թե որ ոլորտները կենսունակ կլինեն հեռանկարում: Տելեկոմ բիզնեսը փոփոխվող ու կենսունակության կռիվ տվողների շարքում դասեցինք:
Իսկապես, Հայաստանում տելեկոմ խաղացողները եկամուտների նոր ու ինովատիվ աղբյուրներ պիտի փնտրեն, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կամ անկեղծ չեն կամ ոլորտին չեն տիրապետում այն մարդիկ, ովքեր երազկոտ տերմինաբանությամբ «5G»-ի ու «նոր սերնդի գերարագ ցանցի» երգն են երգում՝ մոռանալով, որ տելեկոմները նախ եւ առաջ տնտեսվարողներ են ու ոչ բարեգործական կազմակերպություններ, ու եթե շահութաբերություն չլինի, ընկերությունները կփլվեն մեկը մյուսի հետեւից, իսկ դա շատ ավելի մեծ վնաս կհասցնի տնտեսությանը:
Այսօր Ucom-ում մենք խնդիր ենք դրել մեր առջեւ բարձրացնելու օպերացիոն էֆեկտիվությունը, ու չենք վախենում բարձրաձայն ասել, որ նախ մաքսիմալ պիտի մոնետիզացնենք արդեն իսկ ներդրված ենթակառուցվածքները, ապա համարձակ ներդրումներ անենք խաղի կանոնները փոխող` disruptive, լուծումների համար:
Այսօր մենք թվային վերափոխում ենք իրականացնում մեր բոլոր ֆունկցիոնալ բաժիններում եւ չենք ամաչում ասել, որ, Ucom-ի ներսում դեռեւս աշխատանքի ուղղություններ կան, որոնցում արդյունավետ լուծումները բացակայում են: Իսկ վերջին հարցը ու նմանատիպ հարցերի կարգավորումն իրականացնում ենք որոշումների կայացման արագ ու ադապտատիվ լուծումներով: Ի պատիվ մեր գործադիր կազմի ու աշխատակիցների, պիտի նշեմ, որ կայուն առաջընթաց ունենք:
6. Պանդեմիան՝ փոփոխությունների կառավարման մենեջեր
Մի այսպիսի հումոր կա. ասում են` մեր ընկերության թվայնացման պատասխանատուն Covid19-ը դարձավ: Հիրավի, պանդեմիան ամբողջ աշխարհում թվային տրանսֆորմացիայի արագացված կուրս էր, որի արդյունքում 1 տարում մոտ 5 տարվա փոփոխություն արձանագրվեց: Տելեկոմի համար իրավիճակը հատկապես հետաքրքիր էր կոնտենտի սպառման վեկտորների փոփոխության տեսանկյունից:
Հետպանդեմիայի աշխարհում տելեկոմը ամրապնդվեց՝ որպես կոնսոլիդացված ծառայությունների մատակարար, որը ծնողի համար ապահովում է երեխայի անվտանգությունը սմարթ ժամացույցի միջոցով: Տելեկոմը ձեր խելացի տունն է, որը սենյակի ջերմաստիճանի զեկույցն ու կարգավորումը ապահովում է հեռախոսի միջոցով: Տելեկոմը ձեր էլեկտրոնային դրամապանակն է, ձեր ծանուցումների ու գնումների համակարգը, պետական կառույցների հետ միասնական էլեկտրոնային կառավարման պատուհանն ու վերջապես ձեր կրթությունն ու զվարճանքը:
Եթե հետեւել եք, Ucom-ում արդեն տեւական ժամանակ է smart home-ի, խելացի սարքերի վաճառքի տարբերակներ ենք առաջարկում, հանրակրթական ալիք ունենք մեր IP TV-ով, վճարային համակարգ Upay-ով եւ այլն: Մինչեւ պանդեմիան ես կարծում էի, որ դեռ ժամանակ ունենք բոլոր ուղղություններով ռազմավարական զարգացման, քանի որ շուկայում հաստատուն դիրքեր ունենք: Այժմ հասկանում եմ, որ այդ ժամանակը դեռ երեկ ավարտվեց, ու ոլորտի իմ միջազգային գործընկերների հետ հաճախ ենք խոսում այն մասին, որ այլեւս բավական չէ նույն պրոդուկտի կամ ծառայության բարելավումը (upgrade): Ինովացիաները օդ ու ջուր են, ինչը ստանալու համար պիտի համարձակություն ունենանք փոխելու նաեւ տելեկոմ բիզնեսի կառավարման մեթոդն ու կազմակերպական մեխանիզմը:
7. Տեղեկատվական անվտանգությունը՝ Հայաստանի գերակա խնդիր
Աշխարհում այսօր գլխավոր թեման big data-ն է, ռոբոտիկան, արհեստական բանականությունը… Այս բոլորը, անխոս, հնարավորությունների մեծ պատուհան են բացում տելեկոմի համար: Սակայն այսօր` հետպատերազմական Հայաստանում, ցավոք մենք գերլարված աշխատում ենք նվազագույնի` տեղեկատվական անվտանգության ապահովման համար:
Որպես տնտեսվարող՝ մենք Ucom-ում ֆիդուցիար պատասխանատվություն ունենք մեր բաժնետերերի, մեր գործընկերների ու աշխատակազմի առաջ: Որպես կապի հայկական օպերատոր՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մեր հայրենիքի ու պետության առջեւ` ոչ մի պարագայում թույլ չտալ Հայաստանի տեղեկատվական բլոկադան: Տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին արդեն նշել եմ, մնացյալը հրապարակայնություն չի ենթադրում:
Միայն պիտի ասեմ, որ հարցի լուծումներ, իհարկե, տեսնում ենք, սակայն այդ լուծումը մասնավոր դաշտից անխուսափոլիորեն տեղափոխվում է միջպետական կարգավորման դաշտ եւ անհրաժեշտ է՝ որոշում կայացնող մարմինները վերջապես պետական շահը վեր դասեն “թիմ-թիմ” խաղալու շահերից:
8. Ucom-ը՝ ուժեղ ու ադապտատիվ հայկական օպերատոր
Ամփոփելով, ուզում եմ հորդորել, որ զգոն ու պատասխանատու լինենք: Հաղթելու են նրանք, ովքեր այսօր արդեն մտածում են ապագայի մասին: Ու քիչ չէ միայն հիշել, որ տելեկոմը երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից միակներից է մնացել, որ հայկական կապիտալով օպերատոր ունի ու հայկական օրակարգ: Ucom-ը այսօր էլ երկրի համար տեղեկատվական անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության պատուհան է բացում, եւ մենք կարողացել ենք Հայաստանը ինտերնետի տրանզիտային երկիր դարձնել: Ներկայումս բանակցում ենք նաեւ Հայաստանը կոնտենտի “տրանզիտ” երկրի դարձնելու համար` միջազգային խոշորագույն ինտերնետ ընկերություններին Հայաստան բերելու եւ մեր երկրում ինտերնետային հաբ (PoP) տեղակայելու միջոցով:
Մյուս կողմից հավատացած եմ, որ բարձրագույն մակարդակով պիտի իդենտիֆիկացվի հայկական օպերատորի կարեւորությունը` երկրի տեղեկատվական անվտանգության եւ թվային սուվերենության տեսանկյունից: Այս առումով ենթակառուցվածքներ կիսելն ու կոնսոլիդացիաների հնարավորությունները դիտարկելը կարեւորագույն անհրաժեշտություն է:
Հայաստանում, ինչպես այլուր, տելեկոմ ոլորտի բիզնես շարունակականության եւ բաժանորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար ահռելի մեծ ծավալի աշխատանք կա անելու: Բայց մարտահրավերները մեզ չեն վախեցնում. մենք ունենք գիտելիք ու կարողություն` իրագործելու մեր առաքելությունն ու պաշտպանելու մեր պետության շահերը: