14:31 | 16.04.21 | IT պատանիներ | exclusive 24215

IT պատանիներ. Ստեփանի, Մհերի եւ Լյովայի ռոբոտները

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Մեր շարքի այս անգամվա հերոսները դասընկերներ 15-ամյա Ստեփան Նալբանդյանը, 15-ամյա Մհեր Մկրտչյանը եւ 16-ամյա Լյովա Խոյեթյանն են:

Պարող ռոբոտ եւ ոչ միայն

Երբ Ստեփանը սմարթֆոնի bluetooth-ի միջոցով միանում է սեղանին դրված հումանոյիդ ռոբոտին, այս սկսում է պարել ու ձայներ արձակել:

«Սա Otto պարող ռոբոտն է: Մոդելավորման հարցում մեր խմբավարը՝ ընկեր Հայկն է օգնել, էլեկտրոնիկայով էլ մենք ենք զբաղվել՝ համացանցից օգտվելով»,- պատմում է Մհերը իր եւ Ստեփանի համատեղ աշխատանքի մասին:

Երկու ամիս է, ինչ ընկերները սկսել են «Արմաթ» լաբորատորիա հաճախել, սակայն բացի պարող ռոբոտից, այլ նախագծեր եւս հասցրել են ստեղծել:

photo © Մեդիամաքս


«Մի տանկ ենք պատրաստել, որի մոդելավորումը կրկին ընկեր Հայկն է արել: Տանկի ներսի համակարգն ենք մենք ստեղծել, տեղադրել մոդելի ներսում: Այն կրկին bluetooth-ով է կառավարվում: Վրան կա հատուկ հարմարանք՝ տարբեր տեսակի կցորդիչների ամրացման համար»,- մանրամասնում է Ստեփանը:

Եւս մի նախագիծ ունեն, որի համար անհրաժեշտ վերջին դետալը ստանալուց հետո կունենան դոմոֆոնի բանալիներ պատճենող սարք:
 
«Հետո դրանով փոքր բիզնես կսկսենք»,- ասում է Ստեփանը:

Ստեփան Նալբանդյանը Ստեփան Նալբանդյանը
photo © Մեդիամաքս


Առաջին փորձից մինչեւ երազանք

Ստեփանը պատմում է, որ մոտ 4 տարի է հետաքրքրված է էլեկտրոնիկայով: Սեփական արհեստանոց ունի, որտեղ էլ աշխատում է տարբեր նախագծերի շուրջ: Նախկինում նաեւ փայտից իրեր էր պատրաստում:
 
«Դեռ փոքր էի, երբ սկսեցի համացանցում տարբեր հոլովակներ դիտել, որտեղ ռոբոտներ էին պատրաստում: Մի անգամ տեսա հեռախոսով կառավարվող մի ռոբոտի մասին հոլովակ, մտածեցի, որ ես էլ կարող եմ նույնից անել: Սկսեցի փնտրել անհրաժեշտ դետալները, հետո փորձեցի պատրաստել ու այդպես սկսեցի սովորել»,- հիշում է Ստեփանը:

Մհեր Մկրտչյանը Մհեր Մկրտչյանը
photo © Մեդիամաքս


Մհերն էլ ավելի շատ ավտոմեքենաներով է հետաքրքրված, ցանկանում է ինժեներ դառնալ:

«Ուզում եմ սովորել ավտոմեքենաների նախագծում, պատրաստում: Ավտոմեքենաների նկատմամբ սերը դեռ շատ փոքրուց է եղել: Եթե մեքենայի հետ կապված ինչ-որ խնդիր է լինում, փորձում եմ նորոգել: Դեռեւս ավելի հեշտ խնդիրներն եմ կարողանում շտկել, սակայն շարունակում եմ հմտանալ»,- պատմում է նա:

Մհերը եւ Ստեփանը երազում են ապագայում միասին ավտոմեքենաներ արտադրող ընկերություն հիմնել:

photo © Մեդիամաքս


Մոդելավորումից՝ IT

Տղաները նաեւ սովորում են անօդաչուներ պատրաստել փայտերով եւ պենոպլեքսով: Մոդելավորման հմտություններ դեռեւս չունեն, բայց այդ հարցում էլ օգնում է իրենց թիմակից Լյովան, ով «Արմաթ» լաբորատորիա ավելի վաղուց է հաճախում՝ 2-3 տարի: Նա էլ առավելապես մոդելավորման ուղղությամբ է հմտացած:

«Մոդելավորման հանդեպ հետաքրքրությունն ինձ բերեց IT ոլորտ: Հիմա դեռեւս սովորում ենք ավելի փոքր նախագծերի վրա աշխատանքում, բայց կարծում եմ, որ տղաների հետ թիմ կազմելով, շատ շուտով կկարողանանք ավելի մեծ պրոյեկտներ նախաձեռնել»,- ասում է նա:

Լյովայի մոդելավորած առաջին նախագիծը սփիներ էր, որն այդ տարիներին շատ տարածված էր երիտասարդների շրջանում: Այժմ էլ փորձում է մոդելավորել առօրյա իրերի մասնիկներ, որոնք կոտրվում են, իսկ գտնելը երկար ժամանակ կպահանջի:

Լյովա Խոյեթյանը Լյովա Խոյեթյանը
photo © Մեդիամաքս


Ռոբոտների օլիմպիադա

Տղաներն այժմ պատրաստվում են մասնակցել ռոբոտների ամենամյա օլիմպիադային: Դեռեւս չեն ասում՝ ինչ ռոբոտ են ներկայացնելու, բայց վստահեցնում են՝ շատերին կզարմացնի:

Լյովան էլ, որ նախորդ տարի իր թիմակիցների հետ մասնակցել է նույն մրցույթին, հիշում է դրա առաջադրանքներից մեկին տրված իրենց լուծումը:

«Ռոբոտը պետք է կարողանար փուչիկներ պայթեցնել: Գրեթե բոլոր թիմերը միեւնույն լուծումն էին ներկայացրել. ռոբոտը փուչիկներն ասեղով էր պայթեցնում: Մինչդեռ մենք փորձել էինք ավելի ստեղծագործ մոտենալ այդ հարցին: Ստեղծել էինք վիշապ-ռոբոտ, որը փուչիկը տեսնելուն պես գազ էր բաց թողնում, կայծ տալիս, եւ փուչիկը պայթում էր կրակից»,- հիշում է նա:

photo © Մեդիամաքս


Լյովայի համար IT ոլորտն ավելի շատ երկրորդ մասնագիտություն է: Ցանկանում է իրավաբան դառնալ, բայցեւայնպես, կշարունակի գրաֆիկ դիզայնի եւ ծրագրավորման նոր հմտություններ ձեռք բերել:

«Մյուս դպրոցականներին խորհուրդ կտամ, որ եթե անգամ փոքր չափով հետաքրքրություն ունեն IT ոլորտի նկատմամբ, ապա, անպայման, թող այցելեն «Արմաթ» խմբակներ, դրանք շատ են թե´ Երեւանում, թե´ մարզերում: Խմբակներում նրանք շատ նոր հմտություններ ձեռք կբերեն: Թող հետ չկանգնեն իրենց երազանքից, որովհետեւ հենց իրենք կարող են վաղը դառնալ ոլորտի լավագույն մասնագետները»,- ամփոփում է Լյովան:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի