Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
***
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ֆիզմաթ-Հայաստան» թիմի նախագծերը հաղթող են ճանաչվել մարտ ամսին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում առցանց ձեւաչափով տեղի է ունեցած «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնում: Itel.am-ը զրուցել է հաղթած նախագծերի հեղինակ հայ պատանիների՝ 15-ամյա Գեւորգ Սարգսյանի եւ 16-ամյա Նարեկ Սարգսյանի հետ, որոնք պատմել են իրենց ստեղծած ռոբոտների ու IT ոլորտում հեռանկարի մասին:
Սկիզբը՝ պարող փղիկից
Գեւորգ. Ռոբոտաշինությամբ սկսել եմ հետաքրքրվել 12 տարեկանից՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելուն պես: Մինչ այդ ավելի շատ գրաֆիկական ծրագրերով էի հետաքրքրվում: Իմացա, որ դպրոցում գործում է «Արմաթ» խմբակ, ու մեծ հետաքրքրությամբ սկսեցի հաճախել:
photo © Մեդիամաքս
Նարեկ. Դեռ փոքր տարիքից տանը եղած սարքերից տարբեր մասնիկներ էի հանում, փորձում ինչ-որ բաներ հավաքել: Մի անգամ էլ հին համակարգիչը քանդեցի, որպեսզի ուսումնասիրեմ՝ ինչպես է աշխատում: Ես եւս ֆիզմաթ դպրոցում եմ սովորում ու մի քանի տարի է, ինչ «Արմաթ» խմբակ եմ հաճախում՝ խորացնելով գիտելիքներս տարբեր նախագծերի շուրջ աշխատանքի եւ մասնագետների խորհրդատվությունների շնորհիվ:
Գեւորգ. Առաջին նախագիծը, որ արեցինք Նարեկի եւ խմբակի այլ անդամների հետ, պարող փիղն էր: Այն կարողանում էր երաժշտության ռիթմով գլուխը շարժել, առաջ ու հետ գնալ:
photo © Մեդիամաքս
3 նախագիծ՝ 3 մրցանակԳեւորգ. Նախորդ տարի Ուզբեկստանում ցուցահանդես-մրցույթի մասնակցեցինք, ու թեեւ հաջողություն չունեցանք, մեծ փորձ ու նոր գիտելիքներ ձեռք բերեցինք: Շատ էինք ցանկանում այլ միջազգային մրցույթներում մեր ուժերը փորձել, սկսեցինք հնարավորություններ փնտրել ու գտանք Ռուսաստանում անցկացվող օլիմպիադան:
Նարեկ. Մրցույթին մասնակցելու հիմնական նպատակը նոր գիտելիքներ ստանալն էր, քանի որ մեզ համար շատ կարեւոր է միջազգային փորձագետների հետ շփումը: Մրցույթի ձեւաչափն ընձեռեց մեզ այդ հնարավորությունը. դրա շրջանակում միջազգային փորձագետներից խորհրդատվություն ստացանք, մասնակցեցինք առցանց դասընթացների ու էքսկուրսիաների այնպիսի գործարաններում, որտեղ արտադրանքի թողարկումը հենց ռոբոտաշինական մոտեցումներով է իրականացվում: Թեեւ սկզբում միայն մեկ նախագիծ էինք ուզում ներկայացնել, հետո որոշեցինք մասնակցել միանգամից 3 անվանակարգերում:
photo © Մեդիամաքս
Գեւորգ. Ներկայացանք «Խելացի տուն» անվանակարգում, որտեղ մեր նախագիծն արժանացավ ոսկե մեդալի: «3D մեխանիկա» անվանակարգում եւս մեր «Բիոնիկ ձեռք» նախագծով ոսկե մեդալ նվաճեցինք, գնահատող անձնակազմին այն բավականին զարմացրել էր: «Կիբեռնետիկական արվեստ» անվանակարգում էլ արծաթե մեդալ ստացանք՝ «Դաշնակահար ռոբոտ» նախագծի համար:
Նարեկ. Թեեւ մրցույթը ռուսաստանյան էր, սակայն կային մասնակիցներ նաեւ Բելառուսից եւ Ղազախստանից: Մասնակիցների թիվը 1000-ից ավելին էր, դրա համար չէինք մտածում, որ կարող ենք հաջողության հասնել: Հաղթանակի մասին լուրն իմանալուն պես բուռն զգացողություններ ապրեցինք, դժվար էր հավատալ, որ մենք ենք հաղթել:
photo © Մեդիամաքս
Դաշնակահար ռոբոտըՆարեկ. Որոշել էինք միավորել տեխնոլոգիաներն ու արվեստը՝ ստեղծելով դաշնակահար ռոբոտ: Մոտ 2 տարի առաջ սկսեցինք աշխատել նախագծի շուրջ՝ համագործակցելով Locator ընկերության հետ: Սկզբում ռոբոտը մի փոքր այլ կառուցվածք ուներ, այն երեք անգամ վերաթողարկել ենք՝ ձգտելով էլ ավելի կատարելագործել: Փորձում ենք նվագն ավելի սահուն դարձնել՝ մոտեցնելով մարդու կատարմանը: Դրա համար արդեն մոդելավորել ենք այլ տիպի «մատներ», որոնք երկու տեղից ծալվում են, բարակ են՝ ավելի նման մարդու մատներին: Այս նոր կառուցվածքով ռոբոտը կկարողանա ավելի հեշտությամբ սեղմել ստեղներն ու կատարել ցանկացած ստեղծագործություն:
photo © Մեդիամաքս
Ստեղծել ենք նաեւ երկրորդ ձեռքը, որի վրա դեռեւս շարունակում ենք աշխատել: Ձախ ձեռքի դեպքում մատների միջեւ հեռավորությունն ավելի լայն ենք արել, որպեսզի ռոբոտը կարողանա մեկ օկտավա վերցնել: Առաջիկայում արդեն կմիավորենք երկու ձեռքերը, ինչպես նաեւ կտեղադրենք տեսախցիկ, որի միջոցով ռոբոտը կկարողանա նաեւ նոտաներ կարդալ ու նվագել ցանկացած ստեղծագործություն՝ առանց նախապես տվյալ ստեղծագործության ծրագիրը գրելու:
Այս պահին ռոբոտն ունի 5 ստեղծագործության ծրագիր, որոնց թվում են Կոմիտասի «Քելե քելե», Շառլ Ազնավուրի «She» եւ «Emmenez-moi» ստեղծագործությունները:
Գեւորգ. «Դաշնակահար ռոբոտ» նախագծի թիմի ղեկավարը Սուրեն Դանիելյանն է՝ կրկին մեր խմբակի սաներից: Այժմ նա ծառայում է հայոց բանակում:
photo © Մեդիամաքս
Բիոնիկ ձեռք՝ նորարար մոտեցմամբԳեւորգ. Բիոնիկ ձեռք նախագիծն իրականացրել ենք 5 սերվո շարժիչների միջոցով. թելը ձգվում է ու «մատը» ծալվում է: Նման մոդելները բավականին տարածված են, սակայն մենք նորարար մոտեցում ենք ցուցաբերել: Եթե համեմատենք նմանատիպ մյուս բյուջետային նախագծերի հետ, մեր նախագծած ձեռք-ռոբոտը ծալվում է ոչ միայն վերեւից ներքեւ, այլեւ շարժում է մատները դեպի աջ եւ ձախ կողմեր:
Ծրագրավորել ենք Arduino Nano-ով եւ օգտագործել սերվոների միացման համար նախատեսված շիլդ (մոդուլ)։ Ռոբոտի դետալներն ամբողջությամբ մենք ենք նախագծել՝ տպելով դրանք 3D տպիչով:
photo © Մեդիամաքս
Նարեկ. Ցավոք, այժմ հաշմանդամություն ունեցող, անդամահատված մարդիկ ավելի շատ են: Ցանկանում ենք մեր այս նախագիծը զարգացնել ու վերածել այնպիսի պրոթեզի, որը հնարավորություն կտա անդամահատված մարդկանց իրենց լիարժեք զգալ: Կներդնենք այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա ռոբոտին մարդու արմունկի հատվածից ստանալ ազդակներ առ այն, թե ինչ շարժում է ուզում անել ուղեղն ու անել դա՝ օգնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի պայծառ նայել կյանքին:
photo © Մեդիամաքս
Սմարթֆոնով կառավարվող տունԳեւորգ. Մեր «Խելացի տուն» նախագծի դետալներն ամբողջապես տպված են 3D տպիչով: Ստեղծել ենք անվտանգության համակարգ, որի շնորհիվ տանը մոտենալիս միանում է հատուկ ազդանշան: Տան լուսավորությունն ու ավտոտնակի դուռը կառավարվում են սմարթֆոնով: Մոդելավորել ենք նաեւ շատրվան, որը եւս կառավարվում է սմարթֆոնով: Այս մոդելը կարող է կիրառվել իրական տան վրա:
«Դաշնակահար ռոբոտը» նախագիծը ֆինանսավորել է Locator ընկերությունը, իսկ «Բիոնիկ ձեռքը» եւ «Խելացի տունը»՝ ֆիզմաթ դպրոցը:
photo © Մեդիամաքս
IT-ն առօրյայումԳեւորգ. Մոդելավորման փորձը AutoCAD ծրագրում ինձ հնարավորություն է տվել հատակագծեր նախագծել: Մեր տան հատակագիծն եմ արել, նաեւ ծանոթներիս խնդրանքով էլի որոշ հատակագծեր ստեղծել: Օրինակ՝ վերջերս եղբայրս դիմեց գրասենյակային տարածքի վերանորոգման համար հատակագիծ գծելու խնդրանքով, այժմ իմ գծագրով աշխատանքներն արդեն սկսվել են:
Նարեկ. Տանը որեւէ տեխնիկա փչանալու դեպքում աշխատում եմ այն սարքելու պարտականությունն ինձ վրա վերցնել: Բացի այդ, համակարգչիս էկրանին լուսային դիոդներ եմ տեղադրել, որոնք սկսում են հետզհետե միանալ՝ սենյակում մթնելուն զուգահեռ, ըստ լուսավորության՝ ուժեղանում են կամ թուլանում: Նաեւ գունավոր լույսեր եմ տեղադրել համակարգչիս վրա, որոնք իրենց գույնը փոխում են էկրանի գույներին համապատասխան:
photo © Մեդիամաքս
Խզբզանքից՝ երազանքի նախագիծԳեւորգ. Այժմ նպատակ ունենք ստեղծել նախաբազուկ-ռոբոտ, որը կկարողանա տարբեր գործողություններ կատարել: Մեր ընկերներից մեկը, որ մասնակցել է FAST հիմնադրամի դասընթացներին եւ սովորել Python ու արհեստական բանականություն, մեզ կօգնի հաջողել նախագիծը: Նախատեսում ենք, որ ռոբոտը կկարողանա աշխատել 3D տպիչի հետ, մոդելին շարժիչ կավելացնի, կձգի պտուտակահանով եւ կկատարի այլ անհրաժեշտ գործողություններ՝ տեղադրված տեսախցիկի ու արհեստական բանականության կիրառման միջոցով հասկանալով, թե ինչ է պետք անել:
photo © Մեդիամաքս
Սա նման է անիրագործելի ցանկության, բայց մենք ջանք եւ եռանք չենք խնայելու գաղափարն իրականություն դարձնելու համար: Ռոբոտաշինության մեջ ինձ հենց դա է գրավում, երբ կարող ես թղթի վրա խզբզած գաղափարից ստանալ մեծ ու շքեղ նախագիծ, շոշափել այն ու ասել՝ սա ես եմ արել:
Նարեկ. Ցանկանում եմ ապագայում հիմնել IT ընկերություն, որը կկրթի երեխաներին, եւ զուգահեռաբար կստեղծի արտադրանք ծրագրավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում:
IT-ն ամենազարգացող ուղղություններից է: Եթե ցանկանում ես այս ոլորտում լինել, պետք է պատրաստ լինես ամբողջ կյանքում սովորելուն: Մշտապես պետք է զբաղվել այն գործով, որն իսկապես սիրում ես: Այդ պարագայում կկարողանաս հաջողության հասնել:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի