11:25 | 16.04.21 | Նորություններ | 1376

«Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է հանձնել Startup Boost Week Vol_7-ի հաղթող թիմերին

Ապրիլի 5-11-ին կայացել է Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականցվող «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից կազմակերպված Startup Boost Week Vol_7 միջոցառումը։

«Ռոստելեկոմ» Հայաստանը աջակցել է միջոցառման իրականացմանը՝ տրամադրելով հաղթող թիմերի մրցանակները։

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ այս տարի միջոցառումն անցկացվեց մասնակի առցանց ձեւաչափով՝ միավորելով ավելի քան 100 ուսանողների՝ մարզերում եւ Երեւանում գտնվող 8 առանցքային կենտրոններում, այդ թվում՝ Կապան, Գյումրի Annaniks եւ Chessify), Վանաձոր (SevenSmarts եւ Instigate Mobile), Դիլիջան (YCCD), Երեւան (Smart Center եւ Change Lab):

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը եւ «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։


«Արդեն չորրորդ անգամ «Ռոստելեկոմ» Հայաստանը աջակցում է Startup Boost Week միջոցառմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս ուսանողները նույն խանդավառությամբ հանդես կգան եւ կգեներացնեն փայլուն մտքեր։ Այս յոթ օրերի ընթացքում, ուսանողները, չնայած այս տարվա օնլայն ձեւաչափին, կարողացան ներկայացնել այնպիսի գաղափարներ, որոնք վստահաբար ապագայում շատ հաջող բիզնեսներ կարող են դառնալ։ Ուրախ ենք մեր ներդրումն ունենալու ուսանողների շրջանում ստեղծագործ ու նորարար մտածողության ձեւավորման եւ ապագա ստարտափերի զարգացման գործում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Startup Boost Week Vol_7-ը մեկշաբաթյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման 7 օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ եւ փորձեցին իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու եւ աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին։ Հատկանշական է, որ մենթորների մեծ մասը ներգրավված տարածաշրջաններից են, որը յուրօրինակ բովանդակություն ավելացրեց մարզերի մասնակիցների շրջանում։

«Startup Boost Week-ը կոչված է առողջ ձեռներեցության զարգացմանը եւ միջմարզային, միջհամալսարանական համագործակցության առաջացմանը եւ խթանմանը։ Այն տալիս է գաղափարների առաջացման եւ իրականացման հնարավորություն»,- նշել է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։   


Մրցութային 7 օրերի արդյունքում ձեւավորվել են 20 թիմեր, որոնք 7-րդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։

Հաղթող թիմերն էին՝

1-ին մրցանակակիրը Healthy Challenges հավելվածն է, որը խրախուսում է առողջ ապրելակերպը՝ իր հաճախորդներին տալով ֆիզիկական առաջադրանքներ մարտահրավերների տեսքով։

2-րդ մրցանակակիրը Anger room հարթակն է, որն առաջարկում է նվազեցնել սթրեսը վիրտուլ իրականությունում կոտրելով տարբեր իրեր։

3-րդ մրցանակակիր Perfect look արհեստական բանականությամբ աշխատող բջջային հավելվածն է, որը օգնում է հաճախակի առցանց գնումներ կատարող մարդկանց գտնել եւ ձեռք բերել հենց իրենց կազմվածքին համապատասխանող հագուստ։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից «Startup Boost Week Vol_7»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 350, 250 եւ 150 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտի եւ  ստարտափ կառուցելու վերաբերյալ գրքեր։

Հատուկ մրցանակներ տրվեցին 4 այլ թիմերի՝

ArmBionics-ն օգնում է վերին վերջույթները կորցրած մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ամենօրյա կարիքները։ Թիմը ստացավ մենթորության եւ աջակցության բացառիկ հնարավորություն ժյուրիների կողմից, ինչպես նաեւ Հայաստան Ստարթափ Ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 7-րդ շրջափուլին հարցազրույցի մասնակցելու առաջարկ։

EasyCook հավելվածը թույլ է տալիս տանը եղած մթերքները գրանցել եւ ստանալ բազմատեսակ ուտեստների բաղադրատոմսեր, ինչպես նաեւ տեղադրել բաղադրատոմսերը հարթակում եւ ստանալ նորերը։ Թիմը ստացավ Hero House Entrepreneurship Assistants’ School-ի 4-րդ շրջափուլին մասնակցության հնարավորություն։

Kangar հավելվածը օգնում է իր հաճախորդներին խնայել ժամանակ՝ տրամադրելով հանրային տրանսպորտի ուղղությունները եւ ժամանակացույցը։ «gg» ընկերության կողմից թիմը ստացավ համագործակցության առաջարկ։

Kid’s Lock  հավելվածը օգնում է երեխաների կրթությանը՝ ծնողներին տալով հնարավորություն վերահսկելու երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը։ «gg» ընկերությունը կաջակցի գաղափարի իրականացմանը։