12:35 | 08.04.21 | Նորություններ | 1195

Գիտատեխնիկական գործունեության ծրագրերի ֆինանսավորումը կավելացվի

Կառավարությունը որոշել է շուրջ 2 միլիարդ 784 միլիոն դրամով ավելացնել 1162 գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ընթացքում ասել է, որ ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ուղղություններով՝ թեմատիկ գիտական հետազոտություններ եւ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրեր (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ եւ այլն)։
 
«Ծախսերը ներառում են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի սարքավորումների վերազինման ծրագրին ուղղված միջոցները, որոնք հատկացվելու են սուպերհամակարգչի տեղափոխման եւ տեղադրման աշխատանքների համար, ինչպես նաեւ՝ համակարգը նոր սարքավորումներով համալրելու եւ եղած սարքավորումները սպասարկելու նպատակով։ Այս համակարգիչը կարեւոր է մեծածավալ տվյալների վերլուծության համար եւ կօգնի գիտական հետազոտությունների իրականացման որակի բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղվելու են նաեւ գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը եւ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:

Ի թիվս այլ ծրագրերի՝ նախատեսվում է շուրջ 10-ով ավելացնել երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը, որոնք ուղղված են լինելու հանրապետության անվտանգության եւ պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը։

Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դրամաշնորհները տրամադրվելու են ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներին։

Շուրջ 10-ով ավելացվելու է նաեւ կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի թիվը, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաեւ՝ մրցույթի շահառուների շարքում ընդգրկել ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը: