17:00 | 07.04.21 | Նորություններ | 912
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ հյուրընկալելու ու առիթ ունենալու ինձ համար այս կարեւորագույն ոլորտը ղեկավարելու եւ ձեզ հետ միասին այն առաջ տանելու համար: Առայժմ նպատակ չունեմ շատ խոսելու, հիմա աշխատելու ժամանակն է, խոսելու ժամանակը դեռ կգա»:
Անդրադառնալով նախկինում ոլորտում ունեցած իր փորձին՝ նախարարը փաստել է, որ մեր հնարավորությունները բազմապատիկ ավելի են, քան այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք: Նվազագույնից սկսելով՝ ներկայումս ոլորտը դարձել է ՀՀ արդյունաբերական, տնտեսական հիմնական ուղղություններից մեկը, եւ այսօրվա հանդիպման նպատակն է ֆիքսելու ընթացիկ իրավիճակը, քննարկելու հիմնական աշխատանքային, ռազմավարական, ծրագրային խնդիրները, հրատապ հարցերը եւ դրանք առաջ տանելու:
Նախարարը նաեւ հավելել է, որ նոր աշխատանքային ձեւաչափ է մշակվելու՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությունն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Այնուհետեւ Հայկ Չոբանյանը խոսքը փոխանցել է «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանին: Վերջինս նշել է, որ նախորդ տարին շատ բարդ է եղել՝ համավարակի եւ պատերազմի հետ կապված, սակայն ներկայումս ոտքի կանգնելու փորձեր են արվում: Նա անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին եւ պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցին եւ նշել, որ ոլորտին կենտրոն է հարկավոր եւ քաղաքականությունը չպետք է այնտեղ մտնի:
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բարձր է գնահատել միասին աշխատելու հնարավորությունը, խոսել է ոլորտի աճն ապահովելու նպատակով իրենց կողմից առանձնացված 5 ուղղությունների մասին, որոնք են՝ կրթությունը-աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, ՀՀ-ի դիրքավորումը աշխարհում ՏՏ ոլորտի մեջ, գիտահեն ներուժը եւ էլեկտրոնային կառավարումը:
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը շնորհավորել է նախարարին ստանձնած պաշտոնի եւ պատասխանատվության առիթով եւ նշել, որ նախարարությունը հիանալի թիմ ունի, որն ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու հիմք է ստեղծում: Կարեւորելով կրթության նշանակությունը՝ վերջինս նշել է, որ հարկավոր է դպրոցից սկսել ոլորտի զարգացումը:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության համար եւ հույս հայտնել, որ, միասնական ջանքերի շնորհիվ, ոլորտը բազմաթիվ նոր հաջողություններ է արձանագրելու մոտ ապագայում: