16:33 | 07.04.21 | Նորություններ | 3967

«Քվանտ» վարժարանի աշակերտները «Արհեստական քիթ» են ստեղծել

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած երկու նախագիծ մայիսի 3-ից 6-ը ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական եւ ճարտարագիտական փառատոնին:

Ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» եւ Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտությունները:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը ներկայացրել են սարք, որը տարբերակում է հոտերը:

«Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց միտում կա արհեստական բանականությամբ տարբերակել մարդու զգայարանները։ Մենք էլ փորձել ենք ստեղծել արհեստական քիթ»,- ասել են տղաները:

Սարքը կիրառելի է տարբեր ոլորտներում, օրինակ՝ շատ հարմար է գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու առումով:

«Կորոնավիրուսով վարակվելիս մարդիկ չեն զգում հոտեր, սարքը նրանց շատ կօգնի»,- կատակել են տղաները՝ հավելելով, որ հատկապես կանանց համար այն շատ պիտանի կլինի օծանելիքներ ընտրելիս:

Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա: Խմբի գիտական ղեկավարի խոսքով՝ սարքը ստեղծելու վերջնական նպատակը նորամուծությունը հեռախոսների համար հասանելի դարձնելն է:

Հետազոտությունը սկսել են 2020 թվականից: