16:08 | 26.03.21 | Նորություններ | 12508

Edu2work հարթակը մեքենայական ուսուցման միջոցով կօգնի կողմնորոշվել աշխատաշուկայում

Այսօր պաշտոնապես ներկայացվեց «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում մշակված աշխատաշուկայում կողմնորոշվելու համար նախատեսված «Edu2work» հարթակը։

Այն ստեղծվել է ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի եւ Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի հազարավոր առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչեւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։


«Edu2work» հարթակը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում եւ աջակցում է ՀՀ կառավարության «Աշխատիր, Հայաստան» ծրագրին` տվյալների վրա հիմնված եւ մարդակենտրոն մեթոդների կիրառմամբ միավորելով կրթական համակարգն եւ աշխատաշուկան։

«Մեր աշխատաշուկան սրընթաց փոփոխություններ է ապրում․ փոխվում են աշխատանքի բնույթը, գործատուների կողմից պահանջվող մասնագիտություններն ու հմտությունները»,- նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Շատ կարեւոր է ունենալ «Edu2work» հարթակի պես գործիք, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել աշխատաշուկայի փոփոխություններին եւ փաստահենք որոշումներ կայացնել աշխատուժի վերապատրաստման եւ տնտեսության վերականգնման ու հետագա զարգացման համար»,- հավելեց նա:

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի հեռահար նպատակը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է` նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն:

Հայաստանում բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարքը նշեց․ «Այսօր ամբողջ աշխարհում մի շարք երկրներ եւ մարդիկ բախվում են հետհամաճարակային վերականգնման խնդիրներին, որոնք էլ ավելի են սրվում համաշխարհային տնտեսության մեջ նկատվող փոփոխությունների պատճառով։ Սակայն այս փոփոխությունները նաեւ հնարավորություններ են։ «Edu2work»-ը նպատակ ունի լրացնել այդ բացն ու օգնել մարդկանց համապատասխանեցնել իրանց հմտություններն այս նոր հնարավորություններին՝ բոլորի համար արժանապատիվ ու արդյունավետ աշխատանքի միջոցով ապահովելով կայուն աճ»։

«Edu2work» ծրագրի շրջանակում նոր համագործակցություններ են հաստատվել միջազգային այնպիսի առաջատար թիմերի հետ, ինչպիսիք են՝ կառավարության ներսում ստեղծված քաղաքականությունների մշակման համար առաջին վարքաբանական միավոր «Behavioral Insights Team»-ը եւ աշխատաշուկայի տվյալները վերլուծող աշխարհի առաջատար «Burning Glass Technologies»-ը։

Կարեւորելով այս համագործակցությունների դերը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխայելա Ստոյկոսկան իր խոսքում նշեց․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությանը՝ հանրային քաղաքականության նորարարության մեջ ներդրում կատարելու համար։
Բրիտանացի փորձագետների ու բրիտանական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները կշարունակեն մնալ Կառավարության ներսում՝ նպաստելով հանրային քաղաքականության ոլորտում նորարարության տարածմանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Կառավարության մեր գործընկերներին՝ այդ նորարարությունները կառավարման գործընթացներում կիրառելուն բաց լինելու համար»։

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը հյուրերին ցուցադրեց «Edu2work» հարթակը։ «Edu2work» հարթակը ստեղծվել է օգտատերերի երեք հիմնական խմբերի՝ քաղաքականություն մշակողների եւ հետազոտական կենտրոնների, ուսանողների եւ կարիերայի կենտրոնների մասնագետների, համալսարանների եւ կրթական այլ հաստատությունների համար։ Հարթակն առաջարկում է լուծումներ օգտատերերի խմբերից յուրաքանչյուրի համար։

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի եւ Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։