11:13 | 26.03.21 | Նորություններ | 1783
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։
Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ եւ լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները:
Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը եւ նշել, որ այս այցը փաստում է երկու երկրների միջեւ եղած գործընկերային եւ բարեկամական հարաբերությունները: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության եւ նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։