11:42 | 12.03.21 | Նորություններ | 2643
Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS Armenia) միջազգային գիտաժողովը, որի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ, ինչպես նաեւ տվյալագիտության նորարարությունները ներդնել ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ ցույց տալով դրանց կիրառելիությունը:
2015թ.-ից սկած Սթենֆորդի համալսարանի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։ Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր է դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ Սթենֆորդի համալսարանի միջեւ համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաեւ WiDS դեսպան։
Գիտաժողովն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ISTC-ի եւ Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում:
Գիտաժողովը կանցկացվի «Տվյալների բացահայտում՝ նոր հորիզոնների համար» խորագրով եւ կներկայացնի տվյալագիտության ոլորտի լավագույն փորձը, նախաձեռնություններն ու նոր գործիքների ներդրումը: Այն կօգնի բացահայտել Հայաստանում եւ աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում, ներառյալ՝ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, առողջապահությունը եւ այլն։
Գիտաժողովին զուգընթաց կկայանա նաեւ WIDS ցուցահանդես, որին կմասնակցեն տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման եւ այլ ոլորտների մի շարք ընկերություններ ու հաստատություններ՝ ներկայացնելով իրենց լուծումներն ու արտադրանքը: Դրանք են DataArt Armenia, Krisp, SmartClick AI, ZERØ, Labz Ai ընկերությունները, PMI Հայաստան Գիտահետազոտական կենտրոնը եւ «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:
Կազմակերպիչները նշում են, որ գրանցվողների աննախադեպ մեծ թիվ է եղել, սակայն, համավարակային իրավիճակով պայմանավորված, բոլորի ֆիզիկական մասնակցությունը հնարավոր չի եղել ապահովել, ուստի վերջինները միջոցառմանը կկարողանան հետեւել առցանց եղանակով:
Միջոցառման օրակարգին ծանոթանալու համար հարկավոր է այցելել այստեղ:
WiDS Armenia գիտաժողովի խոսնակները միջազգային եւ տեղական ընկերություններից հրավիրված կին տվյալագետներ են, որոնք մեծ սիրով եւ ոգեւորությամբ ընդունել են հրավերը: