16:49 | 11.03.21 | Նորություններ | 12702
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգիաների գծով մասնագետներին ու ձեռնարկատերերին միանալ «Հաջորդ սերնդի խորհրդին» (NextGen Council)։
2017 թվականից սկսած՝ «Հաջորդ սերնդի խորհուրդը» ողջ աշխարհից միավորում է տաղանդավոր երիտասարդներին` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական եւ ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:
Խորհրդի առաքելությունը Հայաստանի եւ հաջորդ սերնդի հայ գիտնականների, նորարարների ու ձեռնարկատերերի միջեւ ամուր կապի ստեղծումն է:
«NextGen» խորհրդի հաջորդ կազմի համար FAST-ը մշակել է նոր մոտեցում, որը հնարավորություն կտա խորհրդի անդամներին անմիջականորեն ներգրավվել հիմնադրամի գործունեության մեջ, համատեղ մշակել եւ իրականացնել FAST-ի ծրագրերը, ինչպես նաեւ հանդես գալ սեփական նախագծերով։
Համագործակցելով ակադեմիական եւ հետազոտական հաստատությունների, ինչպես նաեւ ձեռնարկատիրական համայնքների հետ՝ «NextGen»-ի անդամներն առանցքային դեր կստանձնեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում հայ եւ համաշխարհային տաղանդների միջեւ կապերի ամրապնդման գործում:
Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող այն հայ գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետներն ու ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:
Մասնակցության չափանիշներն ու դիմելու ընթացակարգի մանրամասները հասանելի են այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ․ ապրիլի 1-ն է: