14:50 | 22.02.21 | Նորություններ | 2902
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության պատճառների մասին հայտարարություն է տարածել:
Նշվում է որ IDEX-2021 ցուցահանդեսում ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետեւանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
«Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ եւ շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,- նշված է նախարարության տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ն անցկացվում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով: Ներկայացված է 14 հայկական ընկերություն:
«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների եւ սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարեւելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի եւ զինված ուժերի հետ կապեր հաստատելու եւ ամրապնդելու համար: