10:47 | 18.02.21 | Նորություններ | 2782

«Կասպերսկի». Հայաստանում 7%-ով կրճատվել է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը

Հայաստանում օգտատերերի 10,50%-ը 2020-ին ենթարկվել է համացանցի միջոցով գրոհների (վեբ-գրոհների) այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,34%։

Ընդ որում, եթե Վրաստանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2019-ի 14,83%-ից 2020-ին նվազել է մինչեւ 10,49%, ապա Ադրբեջանում 21,12-ից հասել է 10,95%-ի։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։


Ընկերության փորձագետները նշում են, որ նշված երկրներում վեբ-հարձակումների ենթարկված օգտատերերի բաժնի նվազումը տեղի է ունեցել հուսալի պաշտպանական լուծումների օգտագործման ընդլայնման եւ օգտատերերի շրջանում կիբեռգրագիտության տարածման շնորհիվ։

2020-ն վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Թունիսում (18,27%), Ալժիրում (16,42%) եւ Մոնղոլիայում (15,94%)։

Այդ տարի աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 10,18%-ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի՝ նախորդ տարվա 19,8%-ի դիմաց։

Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաեւ ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր եւ այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաեւ այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։