12:52 | 17.02.21 | Նորություններ | 3516

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կենսատեխնոլոգիաների ինկուբատոր կբացվի

#SciNova ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացել է «Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» մոդուլի շնորհանդեսը:

ՀԱԱՀ-ի մագիստրանտների համար նախատեսված փորձնական դասընթացը Ագրարային համալսարանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործակցության արդյունքն է՝ Բրիտանական խորհրդի Creative Spark նախաձեռնության մաս կազմող #SciNova ծրագրի շրջանակում:

Ծրագրի գործընկերը Միացյալ Թագավորության Ասթոնի համալսարանն է։ Դասընթացը վարելու են FAST հիմնադրամի փորձագետները:

Վեց ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում «Սննդամթերքի անվտանգություն» եւ «Ագրոբիզնես եւ ֆինանսներ» կրթական ծրագրերի մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու հիմունքներին, մեթոդաբանությանը, գրականության մշակման առանձնահատկություններին, հետազոտության արդյունքների ներկայացման եղանակներին եւ ձեւերին, ինչպես նաեւ գիտության արդյունքների առեւտրայնացման հիմունքներին:

Փորձնական ծրագրի հաջող իրականացման պարագայում այն կինտեգրվի համալսարանի ուսումնական պլանում:

«Ագրարային համալսարանի հետ գործակցության այս ձեւաչափը գիտության արդյունքների առեւտրայնացման խնդրի լուծման արդյունավետ միջոց է, մանավանդ՝ հաշվի առնելով համալսարանի արդիականացման ակնհայտ հաջող ընթացքը եւ դասընթացը վարելու համար FAST հիմնադրամի՝ ընտրված փորձագետների մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է FAST հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Նա հավելել է, որ 25 մագիստրանտների համար նախատեսված դասընթացը վստահաբար արդյունավետ կլինի երիտասարդների՝ գիտության ոլորտ գնալու, գիտության արդյունքների առեւտրայնացման՝ ՀԱԱՀ-ի նոր քաղաքականության եւ առհասարակ ագրոթեք ուղղվածության գերազանցության կենտրոն դառնալու՝ համալսարանի որդեգրած ուղին հարթելու տեսակետից:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսել է հիմնադրամի հետ համատեղ համալսարանում հիմնվող եւս մեկ կարեւոր կենտրոնի՝ կենսատեխնոլոգիաների ինկուբատորի մասին, որը, մասնավորապես, կենսատեխնոլոգիական ստարտափների զարգացման մեծ ներուժ ունի:

«Այսօր մենք գիտության արդյունքների եւ տեխնոլոգիաների կիրառման առեւտրայնացման լուրջ խնդիր ունենք: Փորձնական ծրագիրը մեզ թույլ կտա հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում պատշաճ ձեւով ներկայացնել եւ առեւտրայնացնել մեր ստեղծած գիտական արդյունքը: Այս առումով, իհարկե, արդեն դրական օրինակներ ունենք, մանավանդ՝ այն դեպքերում, երբ մասնավոր հատվածն է մասնակցում գիտական գաղափարի իրականացման գործընթացում»,- նշել է նա, հավելելով, որ համալսարանը պատրաստ է դասընթացը ներդնել մագիստրատուրայի մակարդակում: