15:46 | 08.02.21 | Նորություններ | 2657

Amazon-ը արհեստական ​​բանականությամբ օժտված տեսախցիկներով կվերահսկի առաքիչներին

Amazon-ը հայտարարել է, որ կօգտագործի արհեստական բանականությամբ օժտված տեսախցիկներ` առաքիչներին վերահսկելու համար:

Driveri տեսախցիկն ու ծրագիրը, որը մշակվել է Netradyne ընկերության կողմից, կարող են հայտնաբերել ճանապարհային երթեւեկության խախտումները կամ վարորդի ոչ պատշաճ պահվածքը եւ ահազանգել այդ մասին: Համակարգը նաեւ կհավաքի տվյալներ, որոնք Amazon-ը կարող է ավելի ուշ օգտագործել` վարորդներին գնահատելու համար:

«Տեխնոլոգիան նաեւ իրական ժամանակում վարորդներին զգուշացման մասին ծանուցումներ կուղարկի՝ օգնելով նրանց ճանապարհին մնալ անվտանգ»,- նշել է Amazon-ի խոսնակ Դեբորա Բասը:

Նոր տեխնոլոգիայի ներդրմամբ, ընկերությունն ակնկալում է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը եւ վարորդների ռիսկային պահվածքը: Այդ նպատակով, չորս տեսախցիկներ անընդհատ կֆիքսեն, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ վարորդի պահվածքը: Խախտումների, ներառյալ ճանապարհին արագության գերազանցման դեպքում կմիանան ձայնային ազդանշաններ:

Նշենք, որ Amazon-ն արդեն օգտագործում է տեսախցիկներ միջքաղաքային բեռնատարներում: Բեռնափոխադրող այլ ընկերություններ, օրինակ՝ UPS-ը, նույնպես փորձարկում են նմանատիպ տեխնոլոգիաներ: