11:14 | 08.02.21 | Նորություններ | 2179

30 նոր մասնագետ. Java/Spring ծրագրավորման դասընթացի մասնակիցները հավաստագրեր են ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում BDG ընկերության կողմից անցկացվող «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացների 30 մասնակիցների հանձնվել են ավարտական եւ մասնակցության հավաստագրեր:

Նրանցից մի քանիսն արդեն հնարավորություն են ստացել աշխատել կամ փորձաշրջան անցնել այլ ընկերություններում: Առցանց դասընթացներին մասնակցել են 46 դիմորդ երեք խմբերում՝ մեկ սկսնակ եւ երկու միջին մակարդակներում:

Դասընթացի մասնակից Հրաչյա Խաչատրյանը արդեն մոտ մեկ ամիս է անցել է աշխատանքի: Նրա խոսքով, ուսումնական գործընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տվել գտնել աշխատանք հենց տեխնոլոգիական ոլորտում:

Նշվում է, որ «BDG» ընկերությունը համաֆինանսավորմամբ իրականացրել է «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացներ՝ նախատեսված սկսնակ (160 մասնակից) եւ միջին (50 մասնակից) մակարդակների համար: Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են համակարգչային գիտությունների հիմունքներին, Java ծրագրավորման լեզվին, OOP-ին, Java Generics-ին, կոնվենցիաների եւ փաթեթների անվանմանը, ստատիկ եւ վերջնական բանալի բառերին, Java Collection Framework-ին եւ ալգորիթմներին, Lambda արտահայտություններին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են Java-ի խորքային հնարավորություններին, թեմաներին ու գործընթացներին (Threads and Processes) Java-ում, շաբլոններին եւ դրանց հետ աշխատանքին, տվյալների բազաներին, SQL-ին, Maven գործիքին եւ JDBC դրայվերին, Spring Framework-ին ամբողջությամբ։

Դասընթացի ավարտին անցկացվել է առցանց քննություն/թեստ, որի արդյունքում ստուգվել են ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները: