11:48 | 05.02.21 | Նորություններ | 3230
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:
Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Բարձր եւ, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է: 2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով: 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով: Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան»,- նշել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի եւ կառավարության համար:
«Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում: Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների եւ լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարեւոր եւ պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում եւ սոցիալ-տնտեսական գործունեության մեջ:
Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում»:
Նրա խոսքով, Հայաստանը նախատեսում է պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում եւ զարգացում, ընդհանուր չափանիշների եւ թվային միջավայրի ստեղծում։
«Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջեւ փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջեւ տվյալների փոխանակման գործընթացները եւ մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը:
Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, եւ մենք շնորհակալ ենք Հիմնադրամի եւ Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար:
Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար եւ համընդգրկուն թվայնացումը: Դրա համար պետք է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ սպեկտրը՝ բջջային հեռախոսներ, ցանցային ծառայություններ, ամպային տեխնոլոգիաներ եւ այդպես շարունակ: Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջեւ սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, եւ մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար: Համապատասխան բջջային հավելվածը կարող է «մեկ պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հնարավորություն տալ լրացնել եւ ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքն ունենալու համար»,- նշել է նա: