11:47 | 28.10.20 | Նորություններ | 3887

TechCrunch․ Հայերը Իլոն Մասկի SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ արբանյակային գործարքը

TechCrunch պարբերականն այսօր անդրադարձել է հայերի կողմից SpaceX ընկերությանն ուղղված էլեկտրոնային նամակների արշավին․ նրանք կոչ են անում ընկերությանը չեղարկել արբանյակային գործարքը Թուրքիայի կառավարության հետ։

Նշվում է, որ SpaceX-ը նախատեսում է Turksat-5A կապի արբանյակը գործարկել առաջիկա երկու ամիսների ընթացքում․ այն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ Դեռ 2017-ին այս նախագիծը քննարկելու նպատակով Իլոն Մասկը մեկնել էր Թուրքիա եւ հանդիպել Էրդողանին։

Հոդվածում նշվում է, որ շատ երկրներ եւ կառավարություններ քննադատում են Թուրքիայի պահվածքը, շատ ընկերություններ էլ դադարել են այդ երկրի կառավարության հետ աշխատել։ Արդյո՞ք SpaceX-ը կմիանա այդ ընկերությունների շարքին, հարց է տալիս հոդվածագիրը եւ պատասխանում․ «Այս փուլում, երբ մեկնարկին մնացել է մեկ ամիս, ընկերությունը դժվար թե վերադարձնի այն միլիոնավոր դոլարները, որոնք արդեն իսկ ստացել է Թուրքիայի կառավարությունից»։

Հոդվածագրի խոսքով, հայերի կողմից մեկնարկած այս արշավն առաջ է քաշում մի կարեւոր հարց․ որտե՞ղ են SpaceX-ի, Apple-ի, Google-ի, Facebook-ի նման ընկերությունների համար գծվում սահմանները։

«Արդյո՞ք SpaceX-ը պետք է ուղղակի ծառայություններ մատուցի ցանկացածին, ով դրանց համար վճարում է, թե՞ կան որոշ կառավարություններ եւ անձինք, որոնց տված գումարը այն չի վերցնի»։