16:49 | 23.09.20 | Նորություններ | 2119

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են տեխնոլոգիաների ոլորտում գործակցությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց նոր դեսպանատան առաջին հյուրն է:

«Համաձայն եմ, որ մեր այսօրը միշտ որոշվում է անցյալով եւ ապագայով: Միշտ նայում ենք հետ՝ տեսնելու, թե որտեղից ենք գալիս, եւ կարեւոր է իմանալ նաեւ, թե ուր ենք գնում եւ ում հետ ենք ցանկանում անցնել այս ճանապարհը: Մեզ միավորում է ապագան, իսկ մարդկության ապագան նոր տեխնոլոգիաներն են: Հայաստանը կարող է այս ոլորտում համագործակցել Չինաստանի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ուրախ կլինեմ, եթե կարողանամ իմ փոքր ներդրումն ունենալ նոր տեխնոլոգիաների ոլորտում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի եւ հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը:

Հանրապետության նախագահը երկու երկրների միջեւ համագործակցության համար հեռանկարային է համարել ոչ միայն տեխնոլոգիաների, այլեւ մի շարք այլ ոլորտներ՝ սննդի անվտանգության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների ոլորտներից մինչեւ կրթություն եւ մշակույթ:

«Ապագա աշխարհի բոլոր ոլորտները հագեցած են լինելու նոր տեխնոլոգիաներով: Մեր երկրները համատեղ գիտական, գիտահետազոտական համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն»,- ասել է նախագահ Սարգսյանը: