15:55 | 23.09.20 | Նորություններ | 1960

Ամերիկյան SADA Systems-ը ծրագրում է ՀՀ-ում տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն ստեղծել

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ:

Հովիկ Սաֆոյանը նշել է, որ կարեւորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երեւանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Հակոբ Արշակյանը կարեւորել է նման կենտրոնի հիմնումը Հայաստանում եւ տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարեւոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձեւավորվող ենթակառուցվածքները:

Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձեւավորելու ուղղությամբ:

Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները եւ երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար:

Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը սփյուռքում շատ բարձր է գնահատվում:

«Սա կարծես թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների եւ հնարավորությունների ստեղծման կենտրոն»,- նշել է Սաֆոյանը:

SADA Systems ընկերության հիմնադիրը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական եւ ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ եւ աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում եւ կոչված կլինի բացահայտելու եւ կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգեւորիչ է կառավորության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման եւ Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, եւ հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարեւոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը եւ հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են եւ հեռանկարային: