11:19 | 07.08.20 | Նորություններ | 10965

Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրի 2020 շրջափուլը մեկնարկել է

Մեկնարկել է Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրի 2020 շրջափուլը, որը COVID-19-ի համավարակով պայմանավորված տեղի կունենա հեռավար կարգով։

ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիայի եւ SmartGateVC-ի ջանքերով իրականացվող ծրագիրը թիրախավորում է բավականաչափ տվյալներ ունեցող նորաստեղծ ձեռնարկությունների եւ նրանց կապում ոլորտի առաջատար մասնագետների կողմից վերահսկվող ուսանողական խմբերի: Ծրագիրն ունի մասնակից ընկերությունների մասշտաբայնության զարգացման եւ նոր բիզնես մոդելների մշակման նպատակ։

Զուգահեռաբար, հետազոտական խմբերում ներգրավված ուսանողները փորձառու AI մասնագետների վերահսկողության ներքո աշխատելու ընթացքում ձեռք կբերեն գործնական փորձ։

Ծրագրի ընդհանուր գիտական հսկողությունը կտրամադրվի SmartGateVC- ի գործընկեր եւ YerevaNN-ի խորհրդի անդամ Վազգեն Հակոբջանյանի եւ metric-ի հիմնադիր եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Հրանտ Դավթյանի կողմից:

«Մենք տեսնում ենք Hero House AI Ինկուբացիոն ծրագիրը որպես տեխնոլոգիական ընկերությունների համար հնարավորություն՝ բարելավելու իրենց բիզնեսը եւ ստեղծելու մասշտաբային լուծումներ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ անհատականացումը կարեւոր մրցակցային առավելություն է: Ծրագիրը մշակել ենք խթանելու արդյունաբերություն-ակադեմիա համագործակցությունը՝ ներգրավելով համալսարանների ուսանողների AI մոդելավորման մեջ»,- ասել է Վազգեն Հակոբջանյանը:

Ծրագրի տեւողությունը 26 շաբաթ է՝ սկսած հուլիսի 27-ից մինչեւ 2021-ի հունվարի 30-ը:

Հետազոտության ղեկավարները եւ AI-ի կիրառման ներուժ ունեցող ընկերությունները կարող են դիմել հուլիս 30-ից սկսած։ Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է: Հայտերը հասանելի են www.herohouse.am/ai-incubator էջում։

Նախագծերի եւ հետազոտական ղեկավարների ընտրության եւ համապատասխանեցման գործընթացից հետո օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը հայտերը կբացվեն ուսանողների համար: Ուսանողները կարող են դիմել միանալու արդեն իսկ կազմված նախագիծ-հետազոտական ղեկավար խմբերին՝ ելնելով սեփական հետազոտական նախասիրություններից։