11:14 | 06.08.20 | Նորություններ | 16882
«Ռոստելեկոմ» ընկերությունը «Գավառի Պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին օգոստոսի 5-ին տրամադրել է 1,5 մլն դրամ ֆինանսական աջակցություն՝ պոլիկլինիկայի բուժանձնակազմին որպես պարգեւավճար փոխանցելու նպատակով։
Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանը ներկայացրել է համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը:
«Այս տարին վստահորեն բուժաշխատողինն է։ Մեր ընկերությունը բարձր է գնահատում մեր բոլոր բուժաշխատողների բարդ եւ պատասխանատու աշխատանքը հատկապես համավարակի պայմաններում, եւ մեր կողմից տրամադրվող աջակցության միջոցով փորձում ենք որոշ չափով մեր երախտիքը հայտնել այն դժվարին աշխատանքի դիմաց, որը նրանք կատարում են այսօր։ Հույս ենք հայտնում, որ բոլոր ջանքերը արդյունք կտան, եւ շատ շուտով կհաղթահարենք համավարակը։ Շնորհակալ ենք եւ առողջություն ենք մաղթում բոլորին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմը։
«Մեր բուժաշխատողները այսօր վտանգավոր ճակատում են եւ մարտնչում են չերեւացող վարակի դեմ։ Շնորհակալ եմ «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի՝ համավարակի այս ծանր շրջանում Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցների կողքին լինելու եւ խրախուսելու համար»,- նշել է նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
COVID-19-ի տարածման առաջին իսկ ամիսներից «Ռոստեկեկոմ»-ը մի շարք քայլեր է ձեռնարկել՝համավարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, ինչպես նաեւ համագործակցել բուժհաստատությունների եւ կարատինային վայրերի հետ՝ տրամադրելով անվճար ինտերնետ հասանելիություն եւ բարձրացնելով ինտերնետի թողունակությունը այդ վայրերում։