14:18 | 03.08.20 | Նորություններ | 16586

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Երկու շաբաթ առաջ սահմանապահ Այգեպարում կիսակառույց տան շինարարության ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել, սակայն դադարեցվեցին Տավուշի ուղղությամբ սկսված հրետակոծությունն ու պատերազմական վիճակի պատճառով:

«Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսաք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը: Իսկ բեկորներից, իմ կառուցվող տան՝ նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել եւ մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,- ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին՝ Հերմինե Քալանթարյանը:

Այժմ Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջեւ դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետեւել ծրագրի ընթքացքին:

«Մեզ անհրաժեշտ է՝ սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ եւ կարեւոր պատգամ. կպած մնալ հողին եւ շենացնել այն: Դա կարեւոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլեւ՝ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարեւոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք, բնակարանաշինության միջոցով՝ նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
«Թեեւ այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետեւում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում, չմոռանալով հնարավոր ավելացումների մասին՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաեւ սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Այգեպարում մինչեւ տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի: